Բացահայտվել է Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2014թ. դեկտեմբերի 29-ին Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը: Մեկ անձ կալանավորվել է։
Նախնական քննության տվյալներով՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքում՝ իր շենքի մուտքի մոտ, հարձակման է ենթարկվել բնակչուհի Հ.Սաֆարյանը: Առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնության գործադրմամբ կնոջը նստեցրել են մուտքի մոտ կայանված ավտոմեքենան և ուղևորվել դեպի Երևան-Սևան ավտոճանապարհ, որի ընթացքում կպչուն ժապավենով կապել են նրա բերանը, ձեռքերը, գլխին հագցրել պարկ։ Ճանապարհին բռնություն գործադրելով կնոջ նկատմամբ՝ հարվածելով գլխին ու դեմքին՝ պահանջել են գումար, ոսկի և տան բանալիները:
Հափշտակելով կնոջ ոսկյա մատանին, պայուսակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, 3 բջջային հեռախոս, դեղորայք, շպարի պարագաներ, ինչպես նաև՝ տան բանալիները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք կնոջը կապկպված վիճակում թողել են Երևան-Սևան մայրուղում և հեռացել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: Հ.Սաֆարյանը ճանաչվել է տուժող:
Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ կնոջն առևանգելու և բռնության կիրառմամբ նրա գույքը հափշտակած անձանց ինքնության և շրջանակի վերաբերյալ։ Նախնական քննության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացվել է 3 հոգու կողմից, որոնցից մեկը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մյուս երկու անձանց հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե