Շնորհակալություն Չեխիային. Նալբանդյան
Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Չեխիայի պատգամավորների պալատի բանաձեւը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,-ասված է Նալբանդյանի հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ։ Բանաձեւին կողմ են քվեարկել 104 պատգամավորներ։
Բանաձեւը քննարկման էր ներկայացրել Չեխիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռոբին Բյոնիշը։ «Ես կարծում եմ, որ Չեխիայի պարտքն էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Երեկ նշվում էր Ցեղասպանության 102-րդ տարելիցը, եւ այսօր նման բանաձեւի ընդունումը խորհրդանշական է»,- ասել է Բյոնիշը։
Պատգամավորների պալատի անդամները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ այն մարդկության դեմ հանցագործություն որակելով։