«Երգարվեստն իմ կիրքն է»
Երգչուհի Սյուզաննա Սայադյանը հանդիսատեսին առավել հայտնի դարձավ «Ժողովրդական երգիչ» նախագծից: Թեև Սյուզաննան մասնագիտությամբ տնտեսագետ է, այդուհանդերձ, երգարվեստը վերջինիս կյանքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Նա այսօր աշխատում է հենց իր մասնագիտությամբ, բայց դարձյալ մասնակցում է համերգների՝ պահպանելով այն անքակտելի կապը, որ կա իր և սիրելի հանդիսատեսի միջև: Այս և այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ Henaran.am-ը զրուցել է Սյուզաննա Սայադյանի հետ:
–Սյուզա՛ննա, քանի՞ տարեկանից եք սկսել երգել, հիշո՞ւմ եք այն օրը, երբ առաջին անգամ բեմ դուրս եկեք:
– Երգել սկսել եմ մանկուց: Երգելու ձիրքը ժառանգել եմ մայրիկիցս: Նա պատմում է՝ երբ նոր-նոր սկսել խոսել, առաջին բառերս արտաբերել եմ երգելով:
Առաջին անգամ մեծ բեմ եմ բարձրացել 12 տարեկան հասակում, երբ մասնակցում էի «Բեմ 2009» համապետական մրցույթ-փառատոնին, որի շրջանակում «Ժողովրդական երգ» անվանակարգում գրավեցի երրորդ հորիզոնականը: Այդ մրցանակը, կարելի է ասել, դարձավ իմ փոքրիկ ուղու սկիզբը:
–Հանդիսատեսը Ձեզ ճանաչեց «Ժողովրդական երգիչ» նախագծից: Ի՞նչ տվեց Ձեզ այդ նախագիծը. առաջ շարժվելու կա՞մք, թե՞ հիասթափություն:
-Նախագիծն ինձ տվեց առաջինը՝ հրաշալի ընկերներ, որոնց հետ շփումը շարունակվում է առ այսօր, իսկ հետո՝ փորձ, պրոֆեսիոնալ մասնագետների հետ շփվելու և աշխատելու կարողություն, հարուստ գիտելիքներ ու, ամենակարևորը, կամք և առաջ ընթանալու ձգտում: Իսկ ինչ վերաբերվում է հիասթափությանը, ապա դա այս պարագայում, հավանաբար, ճիշտ չի ասված, քանի որ ինչպես ամեն լավ բան, այնպես էլ այդ նախագիծը, ունեցավ իր սկիզբն ու տրամաբանական ավարտը, որից մնացել են անմոռանալի հիշողություններ:
–Վերջին շրջանում Դուք համեմատաբար քիչ եք լինում բեմում: Ինչո՞ւ:
-Անկեղծ ասած՝ երբևէ չեմ մտածել երգարվեստում մեծագույն բարձունքների հասնելու մասին, չեմ ունեցել ու չունեմ այդ ձգտումը: Եթե այդպիսի նպատակ ունենայի, հանդիսատեսն ավելի շատ կլսեր իմ անունը: Պետք է նշեմ՝ երգարվեստը ուրույն տեղ ունի իմ կյանքում, որին ոչինչ երբևէ չի փոխարինի կամ խանգարի:
– Դուք մասնագիտությամբ տնտեսագետ եք: Բուհ ընդունվելիս ինչո՞ւ ընտրեցիք այդ մասնագիտությունը, ոչ թե երգարվեստը:
-Այո՛, ես ավարտել եմ ԵՊՀ տնտեսագիտության ու կառավարման Ֆակուլտետը, մանագիտությամբ տնտեսագետ եմ, այժմ էլ աշխատում եմ իմ մասնագիտությամբ: Սիրում եմ իմ գործն ու այն անում շատ մեծ հաճույքով: Այս ոլորտում դեռ շատ անելիքներ ունեմ ու հուսամ՝ իմ առաջ դրված յուրաքանչյուր խնդիր պատվով կհաղթահարեմ:
Պետք է նշեմ, որ ես չունեմ երաժշտական կրթություն, պարզապես որոշ ժամանակահատված հաճախել եմ վոկալի: Երգարվեստում բարձրագույն կրթություն սանալու համար ավելի բարդ ու երկար ճանապարհ պիտի անցնեի, ինչը այդ տարիքում բավականին բարդ էր: Բացի այդ՝ իմ մասնագիտական ընտրությունը արել էի դեռևս վաղ տարիքում, դա ինձ համար նպատակ էր, որը, կարծում եմ, իրագործեցի:
–Այսպիսի դեպքերում երբեմն հնչեցնում եմ այս հարցը. ռուս հանճարեղ գրող Անտոն Պավլովիչ Չեխովը, ով մասնագիտությամբ բժիշկ էր, մի առիթով ասել է՝ բժշկությունն իմ կինն է, իսկ գրականությունը՝ սիրուհիս: Ձեր պարագայում ինչպե՞ս է. ավելի շատ երգարվե՞ստն է հարազատ, թե՞ տնտեսագիտությունը:
– Ես չէի ցանկանա համեմատության եզրեր գտնել այդ ոլորտների միջև, քանի որ դրանք միմյանցից էապես տարբերվում են: Երգարվեստն իմ կիրքն է, էմոցիան, ինքնարտահայտման միջոցը: Ես բեմում ինձ զգում եմ այնպես, ինչպես ոչ մի այլ վայրում չէի կարողանա զգալ: «Բեմն ինձ թևեր է տալիս» արտահայտությունը բնութագրում է ինձ:
Տնտեսագիտությունն ավելի ռեալ, կարելի է ասել՝ էմոցիաներից հեռու միջավայր է, տրամաբանության ոլորտ: Ես՝ լինելով բավականին էմոցիոնալ մարդ, փորձում եմ ինձ գտնել նաև այս ասպարեզում: Բայց, ինչպես ասում են, կյանքը լի է անակնկալներով, ուստի հաստակ չեմ կարող ասել՝ ի վերջո որ ոլորտը կդառնա «իմ կյանքի ուղեկիցը», բայց, ամեն դեպում, վստահաբար կարող եմ ասել՝ կերգեմ, քանի դեռ շնչում եմ:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը