26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Զենք տվեք՝ կկոտորեն իրար…». Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով նիստին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Դատարանը հասել է տուժողների իրավահաջորդների հարցաքննությանը:

Նախագահողը տեղեկացրեց, որ Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանի իրավահաջորդները դատարանին դիմում են գրել՝ տեղեկացնելով, որ չեն ցանկանում դատարան ներկայանալ ու դատարանում հարցաքննվել, խնդրում են իրենց նախաքննական ցուցմունքները հիմք ընդունել:

Մեղադրողները կարծիք հայտնեցին, որ պետք է հրապարակվեն այդ տուժողների իրավահաջորդների նախաքննական ցուցմունքները, ինչին դեմ արտահայտվեց ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը՝ պնդելով, որ պաշտպանական կողմի իրավունքն է դատարանում հարցաքննել տուժող կողմին, իսկ եթե կողմը չի ներկայանում, ապա նրա նախաքննական ցուցմունքները չպետք է դիտարկվեն որպես ապացույց:

Դատարանում ներկա էր միայն տուժող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդը՝ հայրը, ով ցանկացավ ոչ թե ցուցմունք տալ, այլ իր տեսակետը հայտնել: Նա իր խոսքը սկսեց այսպես. «Երեկ մեկուկես միլիոն հայեր հաճախեցին այնտեղ…»:

Փաստաբան Լուսինե Սահակյանը առարկեց նման ելույթի դեմ՝ տուժողի իրավահաջորդը պետք է խոսի ըստ էության՝ քննվող գործի վերաբերյալ, ոչ թե անհասկանալի ու անտեղի մտքեր արտահայտի:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը ճշտում կատարեց՝ ասելով, որ իր վստահորդը ցանկանում է դիրքորոշում հայտնել՝ հայտարարության ձևով, դա նրա իրավունքն է:

Երրորդմասցի Լյովիկի հայրը խոսեց՝ իր դժգոհությունը հենց սկզբից ուղղելով ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի ակտիվության դեմ. «Էսպես չի կարելի շարունակել: Ամեն մի հարցին աղավաղված պատասխաններ է տալիս… Սահմանափակում պիտի ունենա…»:

Նախագահողը բացատրեց, որ փաստաբանը կատարում է իր աշխատանքը, ու եթե տուժողի իրավահաջորդը պահանջում է օրենքով առաջ շարժվել, ապա հենց օրենքով էլ դատարանն առաջնորդվում է՝ կողմերից յուրաքանչյուրին հնարավորություն տալով իր բոլոր գործառույթներն իրականացնել:

Այնուհետև տուժողի իրավահաջորդն անցավ բուն հայտարարությանը. «Երեկ այս նույն ժամանակ մեկուկես միլիոն հայեր հաճախեցին այն սարսափելի տեղը, որտեղ թուրքերը միլիոնավոր հայերի են կոտորել…»:

Ապա տուժողի իրավահաջորդը կոնկրետացրեց խոսքը. «Թուրքի շարունակությունն  են սրանք… Էնվերն է ասել՝ հայերին կոտորել պետք չի, զենք տվեք՝ իրանք կկոտորեն իրար… Մարդիկ փոխարեն ամաչեն իրենց արածի համար, սփոփվեն նրանով, որ սպանություն են կատարել, իրենց էսպես են պահում… Զակոննի գողեր են ուզում դառնա՞լ… Ո՞ւր ենք գնում մենք… Ազգը գնում է ոտատակ…Ինձ համար հե՞շտ է էստեղ գալը… Ինչպե՞ս կարելի է էսպես շարունակել… Ավելի լավ կլիներ, որ փաստաբանը օրենքներից խոսալու փոխարեն օդերևութաբանական ծառայությունից տեղեկանք բերեր, որ 2015 թվականի մարտի 4-ին այլմոլորակայիններն ափսեով իջել են Սովետաշենի քրեակատարողական հիմնարկի մոտ, զազրելի, ահավոր սպանություններ են կատարել ու հեռացել են… Թե չէ ինչե՞ր է ասում փաստաբանը, ասում է՝ մեջքներին գրված չի՝ Ծգըլ-Տկըլ… »:

Ամբաստանյալները տուժողի իրավահաջորդի խոսքի ընթացքում, հատկապես այնտեղ, որտեղ նա ասաց՝ թուրքի շարունակությունն են սրանք, վրդովվել էին ու տեղից ցածրաձայն ընդդիմանում էին, բայց «Ծգըլ-Տկըլ»-ից հետո նրանք վրդովված բացականչեցին տուժողի իրավահաջորդի հասցեին. «Ո՞վ ա էս մարդը, որ մեզ թուրք ա ասում, վիրավորում ա… Մենք ի՞նչ կապ ունենք… Խմած ա, խմացնում, ղրկում են ստեղ…»:

Տեղերից բացականչություններ արեցին նաև ամբաստանյալների հարազատները՝ խոսքն ուղղելով Երրորդմասցի Լյովիկի հորը. «Տղեդ սաղ աշխարհին վարի տվեց, հիմա ինչե՞ր ես խոսում… », «Առաջի թուրքը իրանք են… »:

Տուժողի իրավահաջորդը խոսքը չշարունակեց, միայն ասաց. «Ի՞նչ ավելացնեմ»:

Նախագահողը սաստեց տեղերից խոսողներին, և դատական նիստն ընդմիջվեց:

Ամբաստանյալները դահլիճից դուրս գալուց առաջ նախագահողին ասացին, թե նրան հարգելով՝ հենց սկզբից չէին պատասխանում իրենց հասցեին հնչեցվող վիրավորանքներին, բայց ինչքա՞ն կարող էին համբերել…

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 16-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

 
 Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ