Սեռական հանցագործությունների համար նախատեսված պատիժները կխստացվեն

Խոսելով ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի “Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները” հոդվածում փոփոխություններ կատարելու մասին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մասնավորապես ասաց, որ պատժամիջոցները խստացվել են:
“Սակայն պետք է տարբերել մանկապղծությունը: Ես փորձեցի պարզել հասարակության կարծիքը եւ կասեմ, որ պատկերացնումները լրիվ ուրիշ են”,-ասաց նա: Նրա խոսքով, սեռական հանցագործությունները պետք է բաժանել չորս խմբի:
“Առաջինը բռնի կամ սեռական հարաբերություններն են կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ: Երկորդը սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններին հարկադրելն է: Երրորդ խումբը սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն է անչափահասի` տասնվեց տարին չլրացած անձի հետ: Իսկ չորրորդ խումբը անառակաբարո գործողություն է, որը հաճախ ամենասխալ մեկնաբանվողն է մեր հասարակությունում”,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով, փոփոխություններով ստեղծվում է այնպիսի մի պատժողական համակարգ, որպեսզի նվազեցվի կոռուպցիոն ռիսկը եւ անձը ստանա արժանի պատիժ:
Նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ Դավիթ Հարությունյանը համոզված է, որ այն ամբողջովին կընդունվի: