«Շան գլուխն այդտեղ է թաղված. Երևանում շատ փող կա» (տեսանյութ)
«Ուրախ եմ, որ հաջողվեց, խելքի եկա, և «Ելք» դաշինքում ընդունվեց իմ առաջարկը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված ավագանու թեկնածու, Երևանի ավագանու գործող անդամ Անահիտ Բախշյանը: «Այն, որ գալու ենք, դրա մասին կասկած չկա, բայց շատ-շատ կարևոր ու անհրաժեշտ կլինի, որպեսզի մենք մեծամասնություն կազմենք ավագանիում, որպեսզի մեր ժողովուրդը մի անգամ իր ընտրությամբ իր իշխանությունը փոխելու միջոցով իսկապես տեսնի՝ դրանք տարբեր բաներ են, թե բոլորը մեկ են, ինչպես հիմա են շատերն ասում: Համոզված եմ, որ եթե մեր երևանցիների ընտրությամբ «Ելքը» մեծամասնություն ունենա ավագանիում, ապա հաստատ երևանցիները պիտի զգան տարբերությունը»,-հավելեց նա:
Անահիտ Բախշյանը շեշտեց, որ իրենց առաջին ու կարևորագույն քայլը կլինի բյուջեի նպատակային նախատեսումը, բյուջեն կլինի թափանցիկ, յուրաքանչյուր տող կլինի հիմնավորված՝ ինչպես, ինչու, ով և ինչքան:
«Երևանում շատ փող կա, բայց այդ փողը մի տեսակ չի երևում, որովհետև եթե խոսում ենք, օրինակ, թե ինչու մանկապարտեզներում խմբերը չեն ավելացնում, որ տեղ կա, ասում են՝ դա բյուջեից է, չենք կարող ավելացնել, հարց՝ կա՞, թե՞ չկա փող: Փող կա, և շատ փող կա, մնում է այդ գումարը նպատակին ծախսել:
Շան գլուխն այնտեղ է թաղված»,-կարծում է ավագանու անդամը:
«Ելքի» ավագանու մյուս թեկնածու Ալեն Սիմոնյանն էլ առանձնացրեց տրանսպորտի խնդիրը, սպասարկման ցածրագույն մակարդակը: «Երևանի կենտրոնով տեղաշարժվում են այն մարդիկ, ովքեր միջին խավ են ներկայացնում, գնում են հիննարկություններ և այլն և գնում են պպզած, կուզիկացած, այդ վիճակը պետք է վերացվի»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ճարտարապետների տեսակետին, թե հիմա հնարավոր չէ մետրոյի կայարան ավելացնել, քանի որ դրա համար գոնե 50 միլիոն դոլար է պետք, որը չկա, ապա Ալեն Սիմոնյանն ասաց. «Ճիշտ կառավարման պարագայում ոչ միայն մեկ, այլև մի քանի կայան կարելի է ավելացնել: Եթե պետական պաշտոնյաները ամենահարուստն են ՀՀ-ում, ապա ուրեմն, այո, այդ գումարը կա: Պետք է վերացնել կոռուպցիան, գումարները ճիշտ բաշխել, ու նոր մետրոկայան կկառուցվի: Կզբաղվենք նաև այն շենքերով, որոնք ամեն տարի քանդվում են»,-եզրափակեց նա: