Ամեն տարի Թուրքիայի դրոշը վառելը, բողոքելն ու պահանջել, որ ճանաչեն Ցեղասպանությունը, արդեն անցյալում պետք է մնա /ֆոտո, տեսանյութ/
Շիրակի մարզում ինչպես միշտ hիշատակի պատարագ կմատուցվեց Շիրակի թեմի եկեղեցիներում, նաև աթոռանիստ «Սբ Աստվածածին» եկեղեցում: Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն նախ Գյումրիում Բագրատունյաց պուրակում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին:
Բայց տարիներ շարունակ Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները գալիս են Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձոր, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ: Ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ: Պատմական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ հենց այս տարածքում 1920 թվականին Երիտթուրքերի հայասպան քաղաքականությունը շարունակել է քեմալական Թուրքիան:
102 տարի առաջ տեղի ունեցածը այսօր բոլոր քաղաքական ուժերն ու պաշտոնյանները միավորվում են մեկ գաղափարի շուրջ` հիշատակություն ու պահանջ:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր հարգանքի տուրքը մատուցելով նաև փաստում է, որ այժմ քաղաքական վիճակն այլ է, պահանջը այլ: <<Պետք է փոխել պայքարի մեթոդները, ամենաառաջին պայքարի մեթոդը պետք է լինի հզոր հայրենիք կառուցել: Թե չէ ամեն տարի նույն Թուրքիայի դրոշը վառելը, բողոքել ու պահանջել, որ ճանաչեն ցեղասպանությունը արդեն անցյալում պետք է մնա: Ովքեր ճանաչել են, շնորհակալ ենք, իսկ մյուսներին պետք է պարտադրել, իսկ պարտադրանքը պետք է լինի, որ կարողանանք հզոր երկիր կառուցենք>>:
<<Հայի տեսակը փոխվել է: Մենք միշտ թերագնահատում ենք, որ երիտասարդները ավելի թույլ են, քան մենք, բայց ապրիլի 2-ը ցույց տվեց, որ երիտասարդները ավելի ուժեղ ոգով են դաստիարակված: Հիմա էլ էնպես չէ, որ մենք եկել ենք լացելու, որ մեզ կոտորել են, չէ, մենք եկել ենք ասելու, որ անզեն մարդ եք կոտորել, դուք ի վիճակի չեք մեզ կոտորելու, երբ որ մենք զենքով ենք>>, նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Օրվա ընթացքում հարգանքի ու հիշատակության տարբեր միջոցառումներ են անցկացվելու ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, իսկ երեկոյան Գյումրիում կանցկացվի Ջահերով երթ: