26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍԱՊԾ-ն լոլիկի մոնիտորինգ է իրականացնում նաև շուկայում. անհանգստության որևէ հիմք չկա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, Ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը: Անվտանգության ցուցանիշները, որոնց նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացվում, այդ թվում՝ սահմանային, ամրագրված են Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» 021/2011 տեխնիկական կանոնակարգով (պաթոգեն միկրոօրգանիզմներ, նիտրատներ, ծանր մետաղներ, և երկու խմբի պեստիցիդներ, որոնց կիրառումն արգելված է): Սահմանված անվտանգության ցուցանիշների նկատմամբ հսկողությանը զուգահեռ, Ծառայությունն ուսումնասիրում է նաև սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալի (RASFF) տեղեկատվությունը և սահմանային վերահսկողության շրջանակներում նույնականացնում առկա ռիսկերը: (Վերջին անգամ RASFF համակարգով Թուրքիայից ԵՄ արտահանվող լոլիկի մեջ պեստիցիդների թույլատրելի քանակի անհամապատասխանություն է արձանագրվել 2013 թ., տես հղումը` https://ec.europa.eu/food/safety/rasff_en):

Միայն վերջին եռամսյակում թարմ պտուղ-բանջարեղենի մեջ նիտրատների մոնիտորինգի շրջանակներում ուսումնասիրվել է շուկայում առկա լոլիկի 136 նմուշ՝ վերցված իրացման կետերից. արդյունքում անհամապատասխանություններ չեն արձանագրվել, 2 դեպքում ցուցանիշները թույլատրելի շեմին մոտ են եղել (նիտրատների առավելագույն թույլատրելի քանակությունը փակ գրունտում մշակված լոլիկի համար կազմում է 300 մգ/կգ):

          «Կենդանական ու բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են պեստիցիդների մնացորդային առավելագույն քանակներն ըստ ապրանքատեսակների. ցանկը բավականին ընդարձակ է, ուստի Ծառայությունը տեղական արտադրանքում ուսումնասիրում է այն պեստիցիդների մնացորդային քանակը, որոնք գրանցված են և օգտագործվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ ներմուծված սննդամթերքի պարագայում հաշվի է առնում սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմիններից և համապատասխան կառույցներից ստացված պաշտոնական տեղեկատվությունը, որն իր հերթին հանդիսանում է հավաստի և գիտականորեն հիմնավորված:

Մամուլում հրապարակված՝ թուրք արտադրողի ենթադրյալ հայտարարության իսկությունը ստուգելու և լոլիկի անվտանգության վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՍԱՊԾ-ն ներկայումս իրականացնում է իրացման կետերից վերցված լոլիկի 20 նմուշների լաբորատոր փորձաքննություն: Տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշներին զուգահեռ, ստուգվում են նաև  շուրջ 10 այն պեստիցիդների ազդող նյութերի մնացորդային քանակները, որոնց օգտագործումն առավել տարածված է Թուրքիայում լոլիկի մշակության ժամանակ: Փորձաքննությունների արդյունքները Ծառայությունը կհրապարակի լրացուցիչ: ՍԱՊԾ-ն, լոլիկից բացի, պարբերաբար կտեղեկացնի շուկայում իրացվող այլ պտուղ-բանջարեղենի ուսումնասիրությունների արդյունքներ մասին:

Անկախ այս ուսումնասիրություններից, Թուրքիան համարելով ռիսկային երկիր, ՍԱՊԾ-ն այնտեղից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, պարտադիր ենթարկում է նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության՝ սահմանային վերահսկողության շրջանակներում:

ՀՀ օրենսդրությամբ անձնական օգտագործման համար թույլատրվում է հանրապետության տարածք բերել մինչև 50 կգ պտուղ-բանջարեղեն, և չի բացառվում, որ շուկայում իրացվի նաև այդ նպատակով ներկրված որոշակի քանակության լոլիկ, որի ծագումը շուկայում պարզելը ոչ միշտ է հնարավոր: ՍԱՊԾ-ն ներկայումս նախաձեռնել է փոփոխություններ իրավական ակտերում՝ այս չափաքանակները նվազեցնելու և առավելագույնս հսկողություն ապահովելու նպատակով:

Ծառայությունը վստահեցնում է, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա: Մինչ այսօր կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ այս պահին շուկայում առկա լոլիկը չի կարող վնասել քաղաքացիների առողջությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ