Լեզվաբանը շիշ է նետել ամբաստանյալի վրա.թեժ իրավիճակ դատարանում
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով դատական նիստին այսօր` ապրիլի 21-ին, Փառանձեմ Մեյթիխանյանը ջրով շիշ է նետել ամբաստանյալներից Յուրի Հակոբյանի վրա: Մեյթիխանյանի այս արարքը զայրացրել է ամբաստանյալների հարազատներին: Վերջիններս հայհոյանքներ եւ վիրավորանքներ են հնչեցնել Փառանձեմ Մեյթիխանյանի հասցեին:
Ստեղծված իրավիճակի պատճառով դատական նիստը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 80–ամյա մոր աչքի առաջ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով: