26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վինեգրետով ձվածեղ կամ ձվածեղով վինեգրետ

Այստեղ անհոգության, խենթության ու ազատության յուրահատուկ մթնոլորտ էր տիրում, ինչի պակասն այդքան զգացվում էր խորհրդային տարիներին: Հարցրեք ցանկացած երևանցու՝ որտեղ է գտնվում «Առագաստ» սրճարանը, կդժվարանա պատասխանել: Փոխարենը՝ միանգամից ձեզ ցույց կտա, թե ինչպես հասնել «Պոպլավոկի» մոտ: Բայց չէ՞ որ խոսքը միևնույն սրճարանի մասին է. մեկը պաշտոնական, մյուսն էլ ժողովրդական անվանումն է: Այստեղ կյանքի իմաստը փնտրող թեժ վիճաբանություններով է անցել մշակույթի, գիտության, քաղաքական, սպորտի ոլորտների ներկայացուցիչների երիտասարդությունը: Ծխախոտի ծխի ու ալկոհոլային գոլորշիների մեջ հազարավոր անգամներ մահացել են համլետները, օթելոները, դեզդեմոնաները, ստեղծվել մասշտաբային կտավներ, նկարահանվել հանճարեղ ֆիլմեր ու կառուցվել դարի հոյակերտ շինությունները:

Իհարկե, այդ գլուխգործոցներից շատերն այդպես էլ լույս աշխարհ չեկան: Բայց կարևորն արդյունքը չէր, այլ ազատ, խենթ ու խելառ գաղափարը: Յուրաքանչյուրն իր ոլորտում բարձունքի հասնելով՝ այս մարդիկ, միևնույն է, շարունակում էին գալ այս սրճարանը, որ նորից վերադառնան իրենց հարազատ «պոպլավոկային» մթնոլորտին: Ժամանակին իսկական երևանցի մի երիտասարդ, որ հետագայում հաջողակ բիզնեսմեն դարձավ, երկրագնդի տասնյակ երկրներում եղավ՝ ճաշելով աշխարհի լավագույն ռեստորաններում, արդյունքում էլ բնակություն հաստատելով Մոսկվայում, մի անգամ Երևան վերադարձավ, առաջինը՝ վազելով «Պոպլավոկ»: Գերագույն հաճույքով մի կում արեց սուրճ անվանվող բավական կասկածելի ըմպելիքից ու բացականչեց՝ «Այ սա՜ է, իսկականը, տնականը… ավելի համեղ բան կյանքումս չեմ խմել»:

«Պոպլավոկը» հասարակ սրճարան չէր, այն գործողություն էր: Իսկ ղեկավարը, ավելի ճիշտ կլինի ասել տերը՝ Մացոն, երկար տարիներ շարունակ սրճարանի անփոփոխ կերպարներից էր: Նա անձամբ ճանաչում էր բոլոր այցելուներին ու անգիր գիտեր յուրաքանչյուրի կենսագրությունը: Գիտեր նաև, թե ում, որտեղ և որ ժամին կարելի է գտնել: Մացոն ճանաչում էր նրանց ընտանիքների անդամներին, սիրուհիներին ու հրաշալի տիրապետում նրանց գաստրոնոմիկ նախընտրություններին: Խոստովանենք, որ այն տարիներին «Պոպլավոկի» ճաշացանկն այնքան էլ բազմազան չէր: Վերևի հարկում՝ «տախտակամածում», քաղաքի լավագույն սուրճը չէ, որ մատուցվում էր, իսկ ներքևում՝ «բանտում», արդեն կարելի էր ավելի լավ սնվել:

Ճաշացանկը չէր թարմացվում՝ միշտ չափից շատ պղպեղված լահմաջո, կիսավառված կարտոֆիլ, թառամած կանաչեղեն, բալզակյան տարիքի պանիր, ճմռված թթու վարունգ, լոլիկ, պղպեղ… Այս ճաշացանկում ֆիրմային ուտեստները երկուսն էին՝ վինեգրետով ձվածեղ և ձվածեղ վինեգրետով: Մեկն արժեր 50 կոպեկ, մյուսը՝ 60: Այն հարցին, թե ինչո՞վ են տարբերվում այս երկու ուտեստները, մատուցողը հպարտորեն պատասխանում էր՝ «Մեկում ձվածեղը վինեգրետի վերևն է, մյուսում՝ վինեգրետը՝ ձվածեղի»: Սակայն գնային 10 կոպեկանոց տարբերության առեղծվածն առ այսօր բացահայտված չէ:

«Պոպլավոկում» առանձնահատուկ հանրահայտության ու հարգանքի էր արժանանում մեկ ռուբլի քսան կոպեկանոց գինին, որը վաղուց իր հոգին քացախին էր վաճառել: Խանութում այդ նույն գինին կարելի էր 98 կոպեկով գնել: Որպես կանոն, այցելուները միանգամից երկու շիշ էին պատվիրում՝ մնացածը բերվում էին հարևան գաստրոնոմից: Մացոն դա շատ լավ տեսնում էր, բայց ձևացնում էր, որ ոչինչ չի պատահել: Իհարկե, մտքում նա հաշվարկում էր սրճարանի կրած վնասը, բայց շատ լավ հասկանում, որ այդ կերպ միջին եկամուտ ունեցող ուսանողներն ու մտավորականները կարող են մի քանի գրոշ խնայել:

Մարտ 2016, #1 (37)
ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիր

Հենրիխ Մարգարյանի հանրագրից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ