Արցախը չպետք է դուրս մնա Մաքսային միության տարածքից. ՀՅԴ
“Ասոցացումը այլեւս հնարավոր չէ այնպես, մինչեւ սեպտեմբերի 3-ը: Նույն ծավալով պայմանավորվածությունները չեն կարող մնալ նույնը: Սակայն մեր իշխանություններն ուզում են ինչ-որ խորամանկություններ անել՝ նշելով, որ իրենք շարունակելու են համագործակցությունը Եվրոպայի հետ, ինչ-որ համաձայնագրեր են ստորագրելու։
Ես դա չեմ բացառում, որովհետեւ Եվրոպան այս կամ այն ձեւաչափով համագործակցում է բոլոր երկրների հետ՝ նույնիսկ աֆրիկյան, բայց դա ասոցացում համարել չի կարելի”,- ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստոմյանն այսօր նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցների ժամին:
Վերջինիս խոսքով, քանի որ Հայաստանը չունի այլընտրանք, պետք է ամրապնդի այն, ինչ ունի, իսկ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ՛՛ամենաբարձր մակարդակի վրա են, եւ դա անվտանգության երաշխիքներ է տալիս հայկական կողմին՛՛։
“Չի կարելի կորցնել այն անվտանգությունը, որ ունենք այսօր թե Հայաստանում, թե Արցախում: Պետք չէ Մաքսային Միության միանալը տնտեսության հետ կապել: Աշխարհա-քաղաքական ռազմավարական հարց է, այս տրամաբանության մեջ պետք է տեսնել, եւ ես զարմանում եմ, որ իշխանությունը պարզ չի խոսում ժողովրդի հետ”,-ասաց Ռոստոմյանը:
Պատգամավորը չի կարող առայժմ ասել, թե Հայաստանի Մաքսային միության անդամակցելը ինչպես է ազդելու Արցախի վրա, բայց նրա համոզմամբ՝ Արցախը չպետք է դուրս մնա Մաքսային միության տարածքից: