35 ամյա տղամարդուն անչափահա՞ս է սպանել
Ջրվեժում 35-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզում է հայտնաբերվել անչափահասի:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Երեւանի 35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային եւ հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով:
Նույն օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նշված բնակարանում, որտեղ սպանվել է տղամարդը, վարձակալական հիմունքներով բնակվել է 42-ամյա մի կին, պարզվել վերջինիս ինքնությունը եւ նրա առնչությունն սպանված տղամարդու հետ։
Քրեական գործով որպես կասկածյալ ձերբակալվել էր 42-ամյա կինը։
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չի հիմնավորվել կնոջ մասնակցությունը կատարված սպանությանը,բավարար ապացույցներ ձեռք բերվել սպանությունը կնոջ անչափահաս որդու կողմից կատարված լինելու վերաբերյալ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՝ 17-ամյա տղան ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, եւ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: