Հրաչյան 19 օր հետո դադարեցրեց հացադուլը
Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Հրաչյա Բոյաջյանը 19 օր հետո դադարեցրել է հացադուլը:
Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հրաչյա Բոյաջյանը հացադուլը դադարեցրել է երեկ՝ ապրիլի 18-ին:
Հիշեցնենք, որ Հրաչյա Բոյաջյանը հանդիպում էր պահանջում Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ:
Հրաչյա Բոյաջյանը չի ընդունում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր եւ այլ առարկաներ նետելը) իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը, Հրաչյա Բոյաջյանը, Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
Բոլորն էլ կալանավորված են: