Սպիտակցի Հայկոն Կոմիտասին կկրի… մի ալիքով հիմն է հնչում, մյուսով սեքս է ցուցադրվում

՛՛Սպիտակցի Հայկոն Կոմիտասին կկրի, բայց դա չի նշանակում, որ Հայկոյին պետք է ավելի շատ ցուցադրես, քան Կոմիտասին՛՛,-խորհուրդ տվեց պատգամավորը:
Այսպես արտահայտվեց պատգամավոր Արամ Մանուկյանը խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ-ի գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ ”Հանրային” հեռուստաընկերության խորհրդի հաշվետվությունների ներկայացման ժամանակ:
Մանուկյանը շեշտեց, որ օրվա լրահոսին ծանոթանում է ոչ թե հեռուսատատեսությունից, այլ կայքերից, քանի որ կայքերն ավելի օպերատիվ են աշխատում, իսկ հեռուստատեսությամբ տրվող լուրերն իրականությունը չեն արտացոլում։
Մանուկյանին մտահոգում են նաև հեռուստասերիալները. ՛՛Իրենց մոտ տպավորություն կա՝ ինչքան ժարգոնով են խոսում, այդքան ավելի լավ է ստացվում իրենց խաղը։ Այդ ռաբիսությունը մի կողմ դնենք, բայց իմ կարծիքով ձեր քաղաքականությունը պետք է մրցակցային լինի. դու քոնը տուր, մի նայի ուրիշներն ինչ են տալիս։
Ես համաձայն եմ, որ Սպիտակցի Հայկոն Կոմիտասին կկրի, բայց դա չի նշանակում, որ Հայկոյին պետք է ավելի շատ ցուցադրես, քան Կոմիտաս։ Դու պետք է ներքևի մակարդակը բարձրացնես: Դրանով սպասարկում եք մարշուտկու ճաշակը։ Դուք մրցունակ չեք:
Խնդիր դրեք, մրցունակ եղեք, բայց ձեր սերիալները երեք հազար ժամ է մատուցել, մնացածները շատ հեռու են, երեք հարյուր ժամ, խի, մենակ բիզնես է, խնդիրներ լուծեք՛՛,-հորդորեց պատգամավորը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ անդրադառնալով այս խնդրին՝ ասաց. ՛՛Կներեք, բայց սա վախեցնող է, մեր սերունդների ապագայի համար ես անհանգստանում եմ, միթե կասկածից վեր է, որ հեռուստաեթերը ամենաազդեցիկն է։ Հեռուստատեսությունը պրոպագանդում է բռնություն, այնպիսի տպավորություն է՝ մեր երեխաների մեծ մասը որբ են, մանկատնից են դուրս եկել՛՛:
Հարությունյանը պատմեց, որ վերջերս մի այսպիսի միջադեպի է ականատես եղել: ՛՛Մատնաչափ երեխաների կռիվ է, թե ես քեզ էսօր թաղելու եմ, դա սերիալից է գալիս՛՛,-ասաց նա։
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ գեսգիշերին, մի ալիքով հիմն է հնչում, մեկ այլ ալիքով էլ ցուցադրվում է սեքս։