Դա ամբողջ ընդդիմության խնդիրն է
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ինքն էլ է զարմացել «Ծառուկյան» դաշինքի որոշումից: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքը հայտարարել էր, որ չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: Պատճառն այն է, որ ժամանակ չկա քաղաքի զարգացման համար իրատեսական ու առաջաընթաց ապահովող ծրագիր գրելու:
Ավելին, Լ. Սարգսյանն ասաց, որ առաջարկ էլ եղել է լինել ցուցակում, ինքն էլ ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է ցուցակը գլխավորելու: «Սակայն այդպես ստացվեց, այսպես որոշվեց, ի՞նչ կարող ենք անել»,-նկատեց նա:
Հաջորդ գումարման Ազգային ժողովում Լ. Սարգսյանը չի լինելու, սակայն մեզ ասաց, որ քաղաքականությամբ շարունակելու է զբաղվել: «Ազգային ժողովում չլինելը դեռ չի նշանակում, որ կյանքը վերջացել է, որ քաղաքականությունում անելիք չկա:
Հիմա ուղղակի այն շրջանն է, որ պետք է հասկանանք մեր անելիքը: Ես հիմա առավել, քան վստահ եմ, որ ոչ միայն ես, այլ նաև շատ քաղաքական ուժեր, եթե չմիավորվեն, որևէ խնդիր չեն կարող լուծել: Այնպես որ դա միայն իմ խնդիրը չէ, այլ ամբողջ ընդդիմադիր դաշտի խնդիրն է»,-եզրափակեց նա: