Ինչու է ՛՛անհետացել՛՛ Մեհրիբան Ալիեւան. Ազգ
Ժամանակ առաջ մենք անդրադարձել էինք Մեհրիբան Ալիեւայի “անհետանալու” խնդրին: Բանն այն է, որ Իլհամ Ալիեւը շարունակում է իր “թանկագին կեսին” հեռու պահել նախընտրական քարոզչությունից: Ադրբեջանի առաջին տիկնոջ անունը ջնջված է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր մամուլից, էլեկտրոնային լրատվամիջոցներից, մի բան, որ ադրբեջանական քաղաքական ավանդույթների շրջանակներում չի տեղավորվում: Գրում է ՛՛Ազգ՛՛-ը:
Սակայն եթե ուշադրություն դարձնենք հարեւան երկրից ստացվող տեղեկատվությանը, նկատելի կդառնա, որ իշխող վարչախումբն իրոք լուրջ կասկածներ ունի առնվազն Մեհրիբան Ալիեւայի մերձավոր հարազատների հանդեպ: Երեկ, մասնավորապես, virtualaz.org-ը Բաքվում գումարված Եվրոպա-Ադրբեջան ներդրումային խորհրդաժողովի մասին տեղեկատվությունը վերնագրել էր այսպես. “Հաֆիզ Փաշաեւի ակադեմիայում Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչը քննադատել է Ադրբեջանին”:
Խոսքն Ադրբեջանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի մասին է, որի տնօրեն Հաֆիզ Փաշաեւը Մեհրիբան Ալիեւայի հորեղբայրն է: Վերջինս ոչ հեռավոր անցյալում զբաղեցնում էր ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, ավելի վաղ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանն է եղել: Ակնհայտ է, որ “Հաֆիզ Փաշաեի ակադեմիայում Եվրոհանձնաժողովի նախագահը քննադատել է Ադրբեջանին” վերնագիրը պատահաբար չի ընտրվել: Այդ կերպ լրատվամիջոցը ցանկացել է “ինչ-որ բան ասել”:
Իսկ ի՞նչ է ասել Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչը: Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավար Թորաֆ Պիլյան ընդգծել է, որ “տնտեսությունը (Ադրբեջանի) կախված է նավթային գործոնից, թույլ մրցունակ է եւ կոռումպացված”: Խորհրդաժողովի մյուս մասնակիցներն, ընդհակառակը, ըստ նաեւ «Թուրան» գործակալության, համարել են, որ Ադրբեջանի «վերջին քսանամյակի քաղաքական կայունությունը նրա տնտեսական զարգացման գրավականն է»:
Շեշտվում է նաեւ, որ ոչ ոք չի անդրադարձել Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերին` “գերադասելով տնտեսական նպատակահարմարությունը”: Բայց դա բոլորովին այլ թեմա է: Մեզ ավելի կարեւոր է թվում, թե ինչո՞ւ հատկապես ընդգծվել է, որ Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչն Ադրբեջանին քննադատել է “Հաֆիզ Փաշաեւի ակադեմիայում”:
Արդյոք այդպիսով չի՞ ակնարկվում, որ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ռեկտորը որոշակիորեն ՛՛թերացել է իր պարտականություններում”: Այսինքն, նա կարող էր միջոցառումն այնպես կազմակերպել, որ ընդհանրապես դրական համայնապատկերը ՛՛չխաթարվեր՛՛ տիկին Պիլյայի քննադատական դիտողություններով:
Չէ՞ որ ակնհայտ է, որ ներդրումային հարցերով խորհրդաժողովը կազմակերպվել է նախընտրական քարոզչության նկատառումներով: Իշխող վարչախումբը դրանով փորձել է տպավորություն ստեղծել, թե “որքան կարեւոր գործընկեր է Ադրբեջանը Եվրոմիության համար», որ իր եվրոպացի գործընկերները “չափազանց բարձր են գնահատում տիրող քաղաքական կայունությունը եւ տնտեսական առաջընթացը”:
Իսկ ստացվել է այնպես, որ իրավիճակին ավելի քաջատեղյակ` Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավարը “փչացրել է” Իլհամ Ալիեւի տրամադրությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: