Նոր մտածելակերպ է պետք, ընդ որում՝ վարից վեր. Փաստաբանների պալատը նախագահ է ընտրում

Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պալատի նախագահի ընտրության նախընտրական քարոզարշավին:
Նրա խոսքով, առաջին անգամ է, որ նման հրապարակային քարոզարշավ կա՝ սակայն էլի թերացումներ կան: Թեկնածուները մասնավորապես չեն համաձայնվում բանավեճի: “Առաջարկեցին ինչ-որ հյուրանոցում բանավիճել՝ հենց այսօր, սակայն դա շուկա կլիներ, չէր լինի բանավիճել անելիքների եւ ծրագրերի մասին”,-ասաց Տիգրան Աթանեսյանը:
Առաջակ Է եղել նաեւ հեռուստաբանավեճի, նաեւ “Ֆեյսբուքյան” քննարկումներ, սակայն թեկնածուները չեն համաձայնել:
Փաստաբանին զարմացնում է նաեւ այն, որ իր գործընկերները փորձում էին խոչընդոտել իր այցերը մարզեր: “Օրինակ՝ Սյունիքում հանդիպմանը, փաստաբաններից մեկը խնդրեց, որ իրեն չնկարեն, թե չէ Պալատը կճնշի իրեն: Իհարկե, փաստաբանը չպետք է վախենա, բայց ես դրանից հետո որոշեցի չվտանգեմ իմ գործընկերներին”,-ասաց Աթանեսյանը:
Եթե չընտվի փաստաբանների պալատի նախագահ, Աթանեսյանը չի դադարեցնի փաստաբանական գործունեությունը: “Ես դա վաստակել եմ, ինչու պիտի թողնեմ”,-ասաց նախկին քննիչը: Ի դեպ, քննչի աշխատանքից ժամանակին հրաժարվել է ընտանեկան ու անձնական պատճառներից ելնելով:
Միաժամանակ, ինքը կընդունի ընտրության ցանակացած արդյունք, եթե դրանք կեղծված չլինեն:
Ինչ վերաբերում է դատա-իրավական բարեփոխումներին, ապա փաստաբանի կարծիքով, որքան էլ օրենքներ ընդունվեն, պիտի մարդկանց մտածելակերպը փոխվի: “Չպետք է կարծրացած ուղեղով լինեն, նոր մտածելակերպ է պետք, ընդ որում՝ վարից վեր”,-ասաց նա:
Հիշեցնենք, պալատի նախագահի պաշտոնի համար պայքարում է չորս թեկնածու՝ Տիգրան Աթանեսյան, Կրոմվել Գրիգորյան, Արա Զոհրաբյան, Աշոտ Թադեւոսյան: