Մնացինք առանց հոսանքի. «Սարի թաղի» գործով կալանավորի կինը սարսափելի վիճակում է
«Յոթը տարեկան երեխուս հետ հայտնվել ենք սարսափելի վիճակում: Անգամ չեմ կարողանում խոսել: Այսօր էլ հոսանքս անջատեցին ու վերջում չգիտեմ մեր հետ ինչ կլինի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:
Լալա Բերնեցյանը նշեց, որ շատ պարտքեր ունի ու ստաբիլ աշխատանք չի կարողանում գտնել.«Լույսի մարդը ասեցէ գոնե 25 հազար մուծի: Ես ասեցի՝ այդքան փող չունեմ ու այսօր արդեն հոսանքս անջատվեց: Ամուսինս բերդում է ՝ ծանր վիճակում , իսկ մենք էստեղ: Երեխաս էլ զգում է ու տառապում: Ո՛չ նպաստ եմ ստանում , ո՛չ էլ թոշակ»:
Հուսահատ կինը նշեց, որ ամուսինը տան միակ կերակրողն է եղել ու նա փողոց էր դուրս եկել իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու համար:
«Սարսափելի պայմաններում ու մի կերպ հաղթահարեցինք ձմեռը: Մենք էլ ենք մարդ, հայ կին եմ ու երեխայիս հետ: Գոնե հոսանքից չզրկվեյինք: Ամուսինս էլ ողնաշարի խնդիրներով ու ծանր վիճակում է: Ես չեմ կարողանում իրեն անգամ ուտելիք տանեմ»,-եզրափակեց Լալա Բերնեցյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: