Սերժ Սարգսյանը հարցերը լուծել է. Ժամանակ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հաստատել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը ՀՀԿ-ՀՅԴ բանակցության մասին՝ կապված նոր խորհրդարանի ընտրությունից հետո կոալիցիոն գործընկերության շարունակության հետ: Մանրամասներ սակայն Շարմազանովը չի ներկայացրել և պարզ չէ, թե ինչի շուրջ են բանակցում երկու ուժերը: Շարմազանովը միայն նշել է, որ չի քննարկվում վարչապետի հարց, քանի որ իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է: ՀՀԿ-ՀՅԴ բանակցության մասով սակայն դեռ հարց է, թե իրականում ում միջև է այդ բանակցությունը՝ ուժերի՞, թե՞ ՀՅԴ-ի և Սերժ Սարգսյանի, այսինքն՝ քաղաքական ուժի և անձի:
Բանն այն է, որ ՀՅԴ-ն իսկապես քաղաքական միավոր է, անկախ այդ միավորի վարքագծի շուրջ գնահատականներից և գաղափարախոսության հանդեպ համակրանքից: ՀՅԴ-ն քաղաքական միավոր է, որտեղ չկա միանձնյա կառավարում: Այլ հարց է ՀՀԿ-ն, որտեղ իրականում Սերժ Սարգսյանն է և վերջ, մյուսների համար խնդիրը ընդամենը անձնական ֆինանսատնտեսական շահերն ու անվտանգությունն են: Այդ համատեքստում այդքան էլ ճիշտ չէ ասել, որ բանակցում են ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Բանակցում են ՀՅԴ-ն ու Սերժ Սարգսյանը: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն նույնական չեն անգամ հարաբերությունների ուղղահայացի տեսանկյունից, քանի որ ինչ է Սերժ Սարգսյանը՝ պարզ է, իսկ ինչ է ՀՀԿ-ն՝ ոչ այնքան: Օրինակ՝ ՀՀԿ-ն նաև Կարեն Կարապետյանն է, բայց արդյո՞ք Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը նույնական են իրենց քաղաքական հեռանկարների և շահերի տեսանկյունից: Կամ, նույնակա՞ն են արդյոք Կարեն Կարապետյանն ու նրա կառավարության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը ևս ՀՀԿ է:
Եթե Սերժ Սարգսյանը կոալիցիա էր կնքել ՀՅԴ հետ, ապա Կարեն Կարապետյանը իր վարչապետ նշանակվելուց ի վեր ՀՅԴ նախարարների հետ բավական թափանցիկ դիմակայության մեջ էր և առիթը բաց չէր թողնում նրանց դիտողություն անելու համար: Կարեն Կարապետյանի հարցը ՀՅԴ-Սերժ Սարգսյան բանակցությունը չի քննարկում, բայց չի քննարկում ընդհանրապե՞ս, թե՞ առայժմ՝ մինչև 2018 թվականը, երբ հարցերը արդեն այլ բնույթ կստանան և ՀՀԿ-ում կրկին քվեարկության է դրվելու վարչապետի հարցը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: