26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը մասնակցել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: 

Էջմիածին քաղաքում Հանրապետության Նախագահը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործկոմի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, մարզային և քաղաքային իշխանությունների, տեղի պատգամավորների, սպորտի ոլորտի պատասխանատուների, Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցի սաների և քաղաքի բնակիչների հետ մասնակցել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությանը, որի կառուցման ծրագիրը ՀՖՖ-ի, ՈւԵՖԱ-ի և Ֆուտբոլի համաշխարհային միության (ՖԻՖԱ) կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագիր է: Շուրջ 900 մլն դրամ արժողությամբ հիշյալ ծրագրի իրականացումն սկսվել է 2016թ. հոկտեմբերին, նախատեսվում է ավարտել 2017թ. հոկտեմբերին:

Հանրապետության Նախագահը ակադեմիայի կառուցման շինհրապարակում ծանոթացել է ինչպես Վաղարշապատի, այնպես էլ մարզի մեկ այլ՝ Արմավիր քաղաքում կառուցվող ֆուտբոլի ակադեմիայի շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Նրանց հավաստմամբ, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի 1100 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի մասնաշենքում կլինեն ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ: Բացօթյա լողավազանը, արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտերը կառուցվելու են ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար սահմանված չափանիշներին համապատասխան: Կկառուցվի նաև մոտ 500 նստատեղով տրիբունա՝ ֆուտբոլի առաջնությունների պաշտոնական հանդիպումներ հյուրընկալելու նպատակով: Նորակառույց ակադեմիան աշխատանքով կապահովի 25-30 մարդու՝ 130-150 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է նաև, որ ընթացիկ տարվա փետրվարին մեկնարկած շուրջ 1.4 մլրդ դրամ արժողությամբ Արմավիրի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը կավարտվի 2019թ. հոկտեմբերին: Այն ևս ՀՖՖ-ի, ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագիր է:

Պատասխանատուների հավաստմամբ, ինչպես Վաղարշապատի, այնպես էլ Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաներում կարող են մարզվել մինչև 600 պատանիներ և աղջիկներ: Վերոնշյալ երկու ակադեմիաները կառուցվում են ի լրումն 2010-2014 թվականներին Հայկական ֆուտբոլի ռազմավարական զարգացման ծրագրի շրջանակներում շահագործման հանձնված ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի, Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի և Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի:

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությունից հետո Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ:

22891_b 22890_b 22887_b 22883_b 22878_b

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ