Բյուլբյուլօղլու հնարավոր նշանակումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում անհանգստացնող է Հայաստանի համար
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի առաջադրումից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում, նշեց, որ դա բավականին անհանգստացնող երևույթ է Հայաստանի համար: Բանախոսն ասաց, որ հավանականությունը մեծ է, որ առաջադրված 9 թեկնածուներից հենց նա կընտրվի այդ պաշտոնում:
«Դա կարող է ունենալ անցանկալի հետևանքներ Հայաստանի և հայության համար մի շարք պատճառներով: Օրինակ այն, որ այդ անձնավորության մոտ կա հայաֆոբիա կամ էլ նա տուրք է տալիս այժմյան իշխանություններին: Նա տասը տարուց ավելի եղել է Ադրբեջանի մշակույթի նախարար, և հենց այդ ժամանակաշրջանում են ոչնչացվել Նախիջևանի բոլոր խաչքարերը: Ինձ համար՝ որպես մասնագետի, հատկապես ցավալի է նրա 11 տարվա աշխատանքը որպես Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան»,-ասաց նա:
Բանախոսի խոսքով՝ պաշտոնյան, ով հակամարտության կարգավորումը զենքի ուժով լուծելու կոչ է անում, չի կարող նշանակվել այդ պաշտոնում:
Նա նշեց, որ Հայաստանը այս հարցում պետք է պաշտոնական արձագանք տա։
«Մենք ավելի քան մեկ ամիս է՝ լծված ենք այս գործին, մտավորականության, հասարակական կազմակերպությունների հետ միասին կազմակերպել և նամակներ ենք ուղարկել ըստ համապատասխան հասցեների՝ բացատրելով, թե նրա նշանակումը ինչ հետևանք կարող է ունենալ: Հղում ենք կատարել նաև կանոնադրությանը, որով արգելվում է նման փիլիսոփայություն քարոզող անձին զբաղվել այդ գործով: Տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասաց նա՝ կարեւորելով պաշտոնական մակարդակով քայլերն այս ուղղությամբ։