«Չեմ կարծում, որ սյուրպրիզներ կլինեն»
ՀՀՇ վարչության անդամ, քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններում էլ են կեղծիքներ ու խախտումներ լինելու: «Ավելի պասիվ կլինեն ընտրություները, որովհետև ընտրողն ավագանու կամ քաղաքապետի ընտրությունների հետ չի կապում իր ճակատագիրը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Հ. Իգիթյանը նկատեց, որ խորհրդարանական ընտրություններն անցան, փողոցում ըմբոստություն չկա, դրանք միշտ եղել են նախագահական ընտրություններից հետո, որովհետև նախագահի հետ էր ազգը կապում իր ճակատագիրն ու խնդիրների վերացումը: «Տեսնելով նախագահական ընտրությունների կեղծիքները՝ հասարակությունը դուրս էր գալիս փողոց, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրում էին թաղի մի մարդու, ով կօգներ լուծել որոշակի կենցաղային խնդիրներ:
Թե հասարակությունն ակտիվանա՝ ելնելով ինչ-ինչ խնդիրներից, կարող են ինտրիգներ լինել, եթե ոչ, չեմ կարծում, որ սյուրպրիզներ կլինեն»,-ասաց Հ. Իգիթյանը: