«Ես փող չունեմ՝ ուրեմն ամուսինս բերդում պետք է մեռնի»
Սարի թաղի բնակիչները կշարունակեն նստացույցը ՀՀ գլխավոր դատախազության մոտ, քանի որ նրանց չի գոհացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արձագանքը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:
Նշենք, կանայք պահանջում են վերանայել առաջադրված մեղադրանքները եւ ազատ արձակել 10 կալանավորվածներին։ Նրանք մեղադրվում են նախորդ տարվա հուլիսյան դեպքերից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:
«Ակցիան կշարունակենք այնքան ժամանակ մինչև գլխավոր դատախազը իր որոշումը կփոխի և 316 հոդվածի 2-րդ մասը կվերանայի: նա ասեց, որ տասից միայն 3-ի պարագայում կարող է ազատ արձակում լինի: Իմ ամուսինը հաստատ հանցագործություն չի կատարել ու մենք միասնական շարունակելու ենք պայքարը»,-ասաց Լալա Բերնեցյանը:
Լալա Բերնեցյանի խոսքով՝ ամուսինը հացադուլից դուրս գալուց հետո իրեն լավ չի զգում.«Ամուսինս ողնաշարի հետ կապված լուրջ հիվանդություն ունի: Ինչքան էլ փորձեն հերքել, որ նա վատ է՝ այդպես չէ: Ես ինքս դրանում համոզվել եմ տեսակցությունների ժամանակ: Իրենք էին ասել, որ ունի ողնաշարի խնդիր, իսկ հիմա բժիշկը թուղթ չի տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանը միջնորդի հիվանդանոց տեղափոխելու համար: Իմ կարծիքով՝ սա խոշտանգելու մի տարբերակ է»:
Տան կերակրողից զրկված կինը նկատեց, որ անարդարությունը ակնհայտ է ու անապահով մարդու պարագայում սարսափելի. «Ինձ ասել են, որ իմ սեփական միջոցներով կարող եմ բժիշկ տանել ամուսնուս մոտ: Ես փող չունեմ՝ ուրեմն ամուսինս բերդում պետք է մեռնի: Կալանավորը այս երկրում մարդ չի համարվում»,-նշեց Լալա Բերնեցյանը:
«Եթե այցելեք մեր բնակարան՝ կտեսնեք, որ ահավոր վիճակում եմ ապրում»,-եզրափակեց Լալա Բերնեցյանը: