«Ծառուկյան»-ն ու «Ելք»-ը` ՀՀԿ-ի դեմ
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ուրախ է, որ նոր խորհրդարան է ձևավորվել, նոր դեմքեր են լինելու: «Ինձ համար ամեն դեպքում հետաքրքիր է, որ բազմաթիվ նոր պատգամավորներ կունենանք, որոնց չենք ճանաչել ընդհանրապես քաղաքական դաշտում, տեղյակ չենք եղել: Ես լավատեսորեն եմ տրամադրված, բայց միշտ չի, որ այդ լավատեսությունն արդարացվում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս, սակայն, ասում է՝ հույս ունենանք, որ 6-րդ գումարման ազգային ժողովն ավելի լավը կլինի, քան 5-րդ գումարման խորհրդարանը կամ ավելի վատը չի լինի:
«Ես հաջողություն եմ մաղթում իրենց, ուզում եմ, որ Ազգային ժողովի ներկապնակը գունեղ լինի, և ներկայացված կանայք էլ կարողանան իրենց ներկայացնել, իրենց առանձին տեսակը կարողանան ներկայացնել, որովհետև տեսակ պիտի ունենաս, որ դա նկատելի լինի: Ինձ համար հետաքրքիր է լինելու հետևելու նրանց ու ընդհանրապես 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներին»,-նշեց նա:
Լ. Սարգսյանը նաև ափսոսում է, որ 6 խմբակցությունը վերածվեց 4-ի:
Հարցին, թե արդյոք իշխանություններին հակակշռող ուժ կլինի խորհրդարանում՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ը ստանում է մանդատների մեծամասնությունը, իսկ ՀՅԴ-ն էլ նրանց հետ քաղաքական համաձայնության մեջ է, ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչը պատասխանեց. «Եթե «Ծառուկյան» դաշինքն ու «Ելքը» միասին գործեն, միգուցե ամբողջական հակակշիռ չլինի, բայց շատ հարցերում կարող են զսպող հանգամանք հանդիսանալ: Ես կարծում եմ, որ դա էլ վատ չի լինի, եթե իրենք կարողանան միասին աշխատել և զսպել շատ հարցերում իշխող կուսակցությանը, դա էլ արդյունք է»:
Դիտարկմանը, թե մի՞թե սա հնարավոր է, որովհետև «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը գաղափարական լուրջ հակասություններ ունեն, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Երբեք մի ասեք երբեք: Կարծում եմ՝ շատ հարցերում կգտնեն համագործակցության ձևաչափ, որովհետև երկուսն էլ ընդդիմություն պիտի լինեն Ազգային ժողովում, ունեն նույն հետաքրքրություններն ու շահերը»: