Խոշոր ավտովթար Դիլիջանի թունելի մոտ. տասնյակ վիրավորներ
Դիլիջանի թունելի հարեւանությամբ նախօրեին՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 13-ի:
Ոստիկանության փոխանցմամբ, ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» եւ «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «Դեյվու կոռանդո»-ի վարորդը, 2 ուղեւորը, «Ֆոլքսվագեն կռաֆտեռ»-ի 10 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր՝ ապրիլի 11-ին, պարզվել է, որ Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Daweoo Corando մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Նազարյանը, նրա ուղեւորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Շաքե Տ.-ն, Երեւան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Կ.-ն, 27-ամյա Արգիշտի Թ.-ն, 25-ամյա Վազգեն Պ.-ն, 31-ամյա Տաթեւիկ Հ.-ն, 24-ամյա Արմինե Յ.-ն, 26-ամյա Գոհար Ք.-ն, 56-ամյա Գայանե Բ.-ն, 63-ամյա Արեւիկ Գ.-ն։
Աղբյուրի տվյալներով, «Տավուշ» բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր վիրավորներն աշխատում են ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում։
Քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում «Տավուշ» բժշկական կենտրոնից տեղեկացրին՝ վթարից հետո տասը հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն. մասնագետները տուժածներին ցույց են տվել համապատասխան բժշկական օգնություն:
Մեր հարցին՝ այս պահին վերոնշյալ տասը անձանցից քանի՞սն են բուժվում հիվանդանոցում, բժշկական կենտրոնի աշխատակիցը նշեց՝ իրավասու չէ պատասխանել տվյալ հարցին: