«Սամալյոտի պոչի Գյումրին ու Մհեր Մկրտչյանը դզեցին». վարչապետը հասավ ուզածին /տեսանյութ/
Հայկական երկրորդ ավիափոխադրող ընկերության` «Տարոն Ավիա»-յի առաջին օդանավը այսօր վայրէջք կատարեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Ընկերությունը կսկսի իրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր: Առաջին չվերթը կիրականացնի ապրիլի 25-ին՝ Գյումրի–Կրասնոդար–Գյումրի երթուղով:
«Տարոն-ավիայի» սեփականատերը գյումրեցի Գառնիկ Պապիկյանն է, որը երկար ժամանակ արտերկրում է չվերթներ է իրականացնում: Ու պատահական չէ, որ օդանավը կրում է տաղանդավոր գյումրեցի արտիստի` Մհեր Մկրտչյանի անունը. «Գյումրին գովազդելու յուրօրինակ տարբերակ է: Բացի անվանումից, ինքնաթիռի վրա մեծ տառերով գրված է «Գյումրի», նշեց «Տարոն Ավիա»-յի տնօրեն Գառնիկ Պապիկյանը:
Օդանավի ժամանելուց հետո գյումրեցի լրագրողները, օպերատորները, քաղաքային իշխանությունները բարձրացան ինքնաթիռ։ Սամվել Բալասանյանը ներս մտնելուն ու օդաչուներին ողջունելուն պես հրճվանքով ասաց. «Սամալյոտի պոչի վրայի Գյումրին ու Մհեր Մկրտչյանը դզեցին, ամեն ինչ իր տեղն է»։
<<Տարոն-ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանն էլ հավելեց․ «Մենք հատուկ Գյումրի ենք գրել, որ աշխարհի որ ծայրն էլ այս ինքնաթիռը գնա, ճանաչեն Հայաստանը Գյումրիով, ամենամեծ նպատակը դա է մեր քաղաքի համար»։
Այն հարցին, թե ինչու է որոշել վերադառնալ հայրենի քաղաք, Գառնիկ Պապիկյանը խոստովանեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպելուց հետո է ընդունել իր որոշումը։ «Ես Գյումրիից եմ, դրա համար հետ եմ դարձել հայրենիք։ Վերջը մեր հողն է, ես իմ հողի վրա ինձ ավելի հանգիստ եմ զգում, քան դրսում, նայեք աշխարհաքաղաքական վիճակը, սարսափելի վիճակ է», -ասաց Գառնիկ Պապիկյանը։
«Տարոն-ավիայի» սեփականատերն ասաց, որ շաբաթվա մեջ երկու անգամ թռիչք կլինի դեպի Կրասնոդար, մեկ անգամ Ռոստով, մի չվերթ էլ Սամարա։ Ըստ նրա, գները ցածր կլինեն, տոմսի արժեքը կսկսվի 10 հազար դրամից, սակայն էժան տոմսերը կլինեն սահմանափակ։ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի առայժմ 3 ուղղություններով` Ռոստով, Սամարա, Կրասնոդար: Այս ուղղություններն են ընտրել, քանի որ հայ համայնքը մեծ է, թեև մտադրված են նաև Մոսկվա, Սոչի ու Արաբական Էմիրություններ չվերթներ իրականացնել։ Նա գոհ է, որ օդի հարկ չկա «Շիրակ» օդանավակայնում։
Հարցին, եթե բիզնեսը չարդարացրեց, կգնա՞ք Գյումրիից, «Տարոն-ավիա»-յի սեփականատերն ասաց․ «Եթե բիզնեսը չարդարացրեց, հո ինքնաթիռները չպիտի գրկե՞մ, ստեղ նստեմ»։ Նա խնդրեց հայրենասիրությունը չշփոթել բիզնեսի հետ։