Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել
Հայաստանում այսօր՝ ապրիլի 10-ին առաջին անգամ արյան չարորակ հիվանդությամբ՝ միելոմայով տառապող երկու հիվանդների ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվել:
ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» այսօր իրականացվեց արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը:
Հայաստանի բժշկագիտության ոլորտում տեղի ունեցած աննախադեպ այս իրադարձությունը կատարվեց Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, ճանաչված պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի և մեր կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի ջանքերով։
Փոխպատվաստման բուն գործընթացի ավարտից անմիջապես հետո պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը և հայ տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը լրագրողներին ներկայացրեցին, որ միելոմայով հիվանդ 50-ամյա արցախցի կնոջ կյանքը երկարացնելու միակ հնարավորությունը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր, ինչը որ հաջողությամբ իրականացվել է։
«Շնորհավորում եմ հայ գործընկերներիս արյան չարորակ հիվանդությունների բուժման նորագույն մեթոդն այս կլինիկայում ներդնելու համար։ Առաջին քայլն արված է։ Առաջիկայում կլինեն բարդություններ, դժվարություններ, բայց մենք կշարունակենք համագործակցությունը և հեռաբժշկության միջոցով կշարունակենք ողջ գործընթացի հսկողությունը»,-ասաց գերմանացի գիտնականը։
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարևորեց, որ հայկական արյունաբանության ոլորտում նոր էջը բացվում է Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող կլինիկայի և գիտնականի մասնակցությամբ։ Ի դեպ, հայ տրանսպլանտոլոգների թիմը վերապատրաստվել է հենց Էպենդորֆ համալսարանական կլինիկայում` պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի ղեկավարությամբ։ Նա երախտիքի խոսքեր հղեց ՀՀ կառավարությանը, առողջապահության նախարարությանը և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին` Արյունաբանական կենտրոնի արդիականացման, արյան չարորակ հիվանդությամբ տառապողներին նորագույն մեթոդով հայրենիքում բուժվելու հնարավորություն ստեղծելու և առաջին փոխպատվաստումներն իրականացնելու համար։
«Երևանն արդեն նշված է աշխարհի տրանսպլանտ քարտեզի վրա, և մենք ունենք բոլոր հնարավորությունները այլ երկրներից ևս հիվանդներ բուժելու»,-ասաց Սմբատ Դաղբաշյանը։
Կարճատև հանգստից հետո հայ մասնագետները պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի պատրաստվում էին երկրորդ փոխպատվաստումն իրականացնելու։ Երկրորդ հիվանդի կինը նշեց, որ իրենք վստահում են հայ բժիշկներին և հույս ունեն, որ արդյունքը լավ է լինելու։
Ի դեպ, 20 տարվա ընթացքում 5 հազար փոխպատվաստում իրականացրած գերմանացի պրոֆեսորը համոզված է, որ ելքը մեծապես կախված է հիվանդի ռիսկից ու տրամադրվածությունից։
Ճեպազրույցի ընթացքում նշվեց, որ Հայաստանում փոխպատվաստման կարիք ունի տարեկան մոտ 60 հիվանդ: Ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստումն իրականացվում է մի շարք արյունաբանական հիվանդությունների` սուր լեյկոզների, լիմֆոմաների, որոշ տեսակի սակավարյունությունների, ինչպես նաև կրծքագեղձի, սերմնարանի քաղցկեղի, նեյրոբլաստոմայի, բնածին և ձեռքբերովի իմունային անբավարարության, ժառանգական մետաբոլիկ հիվանդությունների բուժման ժամանակ` հիվանդության որոշակի փուլերում:
Բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ փոխպատվաստումն իրականացվում է մի քանի փուլով։ Դրանում ներառվում է քիմիաթերապիայի նախապատրաստական անցկացումը, ոսկրածուծի ստիմուլյացիան, ցողունային բջիջների հավաքագրումը, դրանց մշակումը, սառեցումը, հիվանդների դեղորայքային նախապատրաստումը և ցողունային բջիջների փոխպատվաստման բուն գործընթացը: Թանկարժեք նյութերի և նորագույն սարքավորումների կիրառություն պահանջող այս գործընթացը կարող է տևել 1 ամիս:
Ժամանակակից այս մեթոդի ներդրումը բուժման արդյունավետությունը կբարձրացնի նաև բժշկության մի շարք այլ ոլորտներում` ակնաբուժություն, նեյրովիրաբուժություն, ռեգեներատիվ բժշություն: