Կարող է՝ պետք է ժամանակավորապես դադարեցնել. ՀԱԿ
Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը: Հարցին, թե, ստացվում է, որ արտախորհրդարանական պայքար են տանելու, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Բայց ի՞նչի եք կասկածում, որ շարունակելու ենք արտախորհրդարանական պայքարը, պայքարը չի լինում խորհրդանական կամ արտախորհրդարանյին, այն լինում է քաղաքական, առավել ևս խորհրդարանը երբ լեգիտիմ չի, խոսել պայքարի մասին, ավելորդ է: Իրականում հաճախ շատ ավելի լեգիտիմ է լինում հենց այն ընդդիմությունը, որ խորհրդարանից դուրս է, քան այն ընդդիմությունը, որ ներկայացված է խորհրդարանում»:
Ինչ վերաբերում է փողոց դուրս չգալուն, ապա ՀԱԿ պատգամավորն ընդգծեց. «Ամեն մի քաղաքական իրավիճակ թելադրում է քաղաքական պայքարի իր մեթոդները: Հիմա կարող է՝ այնպիսի վիճակ է ստեղծվել, որ պետք է ժամանակավորապես դադարեցնել ակտիվ քաղաքական գործունեությունը, կարո՞ղ է նման բան լինել, կարող է»:
Հարցին, թե կա հանրության կողմից կա պահանջ փողոց դուրս գալու, նա նշեց. «Հնարավոր է, որ առանձին մարդիկ լինեն, որ դա պահանջում են: Պետք է նայել ստեղծված իրական քաղաքական վիճակը: Երբ ընտրությունները համակենտրոնացման ճամբարի նման են անցել, պահանջել այդ ճամբարի բանտարկյալներից բողոք, ապստամբություն, ես կարծում եմ, մի քիչ այնքան էլ ազնիվ չէ քաղաքական ուժերի կողմից»: