Արմեն Ամիրյանը պարզաբանում է իր մտահղացումը
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կրկին պարզաբանում է արել.
«Ցավում եմ, որ Օպերային թատրոնի խաղացանկի, ստեղծագործական ռազմավարության մասին բանավիճելու փոխարեն, մեր հասարակության մեծ մասը նախընտրեց խոսել պարզ կենցաղային վերակառուցման ծրագրի մասին միայն։ Ափսոս, որ բանավիճողներից ոմանք խեղաթյուրում են Օպերային թատրոնի ենթակառուցվածքների նախագծի մեր պատկերացումը։
Ստիպված եմ մեկ անգամ ևս պարզաբանել մեր այդ պատկերացումը։
Անհրաժեշտ է վերանորոգել Թատրոնի ներկայիս, թող ներվի՝ գարշահոտ սանհանգույցները։ Խորհրդային շրջանի կայարանային սննդի կետերի փոխարեն պետք է գործի բարձրակարգ ռեստորան, որն աշխատաքային ժամերին հատուկ սննդակարգով կսպասարկի Թատրոնի անձնակազմին, իսկ երեկոյան Օպերային թատրոնի այցելուների համար կստեղծի համապատասխան միջավայր և մթնոլորտ։ Այդտեղ պետք է կազմակեպվեն հյուրասիրություններ, ընդունելություններ, ներկայացումների շնորհանդեսներ։ Իսկ այսօր առկա գիշերային ակումբը պետք է վերանա, և դրա փոխարեն պետք է ստեղծվի մանկական օպերային ներկայացումների դահլիճ։
Պետք է կարգի բերվեն բեմի ետնամասում տեղակայված հանդերձաններն ու հարդարման սենյակները, նույն վայրում արտիստների համար պետք է գործի շոգեբաղնիք և մարզասրահ՝ բեմական ճիշտ և ներկայանալի կեցվածք մշակելու համար( վերջինս բացառապես Օպերային թատրոնի արտիստներին է ծառայելու)։
Առնվազն կոռեկտ չէ զարգացման մեր ծրագրերի իրական պատկերը խեղաթյուրելը։ Այն, ինչի մասին խոսում ենք, վաղուց գործում է աշխարհի առաջատար Օպերային թատրոններում՝ Վիեննայի, Սիդնեյի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Փարիզի «Գրանդ» օպերայում, Լուվրի պատկերասրահում և այլն ( ի դեպ, խորհրդային տարիներին արտիստների համար շոգեբաղնիք գործել է մեր Օպերային թատրոնի շենքում)։
Ցավում եմ, որ մեր հասարակության մի հատվածը ռեստորանն ընկալում է միայն որպես խորովածանոց, իսկ արտիստների համար նախատեսված հանդերձարաններն ու պրոֆեսիոնալ շոգեբաղնիքը նույնացնում է իր տեսած ու պատկերացրած «չգիտեմինչի» հետ։ Վաղուց ժամանակն է, որպեսզի մեր Օպերային թատրոնը և′ արտիստների, և′ այցելուների համար ապահովի քաղաքակիրթ պայմաններ։
Թատրոնը սկսվում է հանդերձարանից», – հանրության ուղղված իր խոսքում նշել է Արմեն Ամիրյանը: