Շնորհավորել է
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճան Դեցյանին՝ Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
ապրիլի 6-ին նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս եւ լավագույն մաղթանքներս:
Անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի փոխհարաբերությունների զարգացումն անցել է համատեղ ձեռքբերումներով հարուստ ճանապարհ: Ուրախ եմ փաստել, որ այսօր մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը կայուն վերելք է ապրում, ինչն արտահայտվել է մի շարք բարձրաստիճան այցերի իրականացմամբ եւ մեր խորհրդարանականների միջեւ կանոնավոր շփումների պահպանմամբ:
Պատրաստ եմ Զեզ հետ միասին, Ձերդ Գերազանցություն, ջանքեր գործադրել մեր երկրների խորհրդարանների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունն այսուհետ էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ չին բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հարգանքներիս խորին հավաստիքը»: