Մեր գյուղատնտեսությունը կարիք ունի էժան ֆինանսական ռեսուրսների. նախարար
Հայաստանի գյուղատնտեսությունը կարիք ունի էժան ֆինանսական ռեսուրսների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, Արժույթի Միջազգային Հիմնադրանի հայաստանյան առաքելյության ղեկավար Հոսեյն Սամի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարությունից հայտնում են, որ Հոսեյն Սամի ղեկավարած պատվիրակության կազմում էր նաեւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության որդեգրած քաղաքականության հիմնական ուղղությունները, պետական օժանդակության ծրագրերը եւ նախատեսվող նախաձեռնությունները:
«Մեր հիմնական նպատակն է վերանայել ոլորտի պետական սուբսիդավորման ուղղությունները` գյուղատնտեսությունը զարգացնելու եւ դարձնելու այն քիչ ռիսկային, շահութաբեր եւ հետաքրքիր: Հայաստանի գյուղատնտեսությունը կարիք ունի էժան ֆինանսական ռեսուրսների, եւ մենք նախատեսում ենք տոկոսադրույքների սուբսիդավորմամբ օժանդակել մեր ֆերմերներին առանձին ծրագրերի միջոցով, որոնք ոլորտում զարգացում կապահովեն»,-իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:
Նախարարի խոսքով` այդ նպատակով քննարկման կներկայացվեն հակակարկտային ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագրեր: Արդեն իսկ մեկնարկել է տարեկան 2 % տոկոսադրույքով գյուղտեխնիկայի լիզինգի ձեռքբերման ծրագիրը: Նախարարությունը նախաձեռնել է նաեւ ՄՏԿ-ի ստեղծման փորձնական ծրագիր` նաեւ փոքր ֆերմերներին բարձրակարգ մեխանիզացիայով ծառայություն ապահովելու համար: Բացի այդ, շարունակվում են սուբսիդավորվող պայմաններով պարարտանյութերի, սերմացուների տրամադրման ծրագրերը:
Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախարարությունը բանակցում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ GIS տիեզերական հեռազննման համակարգի ներդրման նպատակով, ինչը հնարավորություն կտա ունենալ ոլորտի իրատեսական եւ հավաստի գնահատականներ եւ դրանց հիման վրա կանխատեսումներ անել:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ գյուղատնտեսական կոոպերատիվների խթանման, ապահովագրական համակարգի ներդրման, բնակլիմայական աղետների պատճառով կորուստների նվազեցման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: