Էդվարդ Նալբանդյանի հոդվածը «Независимая газета»-ում՝ ամբողջությամբ
Այսօր նշվում է կարևոր տարեդարձ. 25 տարի առաջ` 1992թ. ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Մենք` իմ ռուսաստանցի գործընկեր և բարեկամ Սերգեյ Լավրովի հետ, փետրվարին Մոսկվայում բացեցինք արխիվային փաստաթղթերի լուսանկարչական ցուցահանդես՝ առաջինը այս կարևոր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց ժամանակի փորձությունն անցած մեր եղբայրական ժողովուրդների և պետությունների դարավոր հարաբերությունների ժամանակակից պատմության մեջ:
Մենք, եթե կարելի է այդպես ասել, երբեք չենք եղել բարիկադների տարբեր կողմերում: Պատմության ընթացքում մեր հայրերը, մեր պապերը մեկ անգամ չէ, որ միասին պատերազմել են բազմաթիվ ռազմաճակատներում: Մեծ Հայրենական պատերազմի ծանր փորձությունները տվել են հրամանատարների աստղաբույլ` հայազգի 4 մարշալ, 60 գեներալ: 103 հայեր արժանացել են հերոսի բարձրագույն կոչման: Մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի, ադմիրալ Իսակովի անունները հպարտության առարկա են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Սակայն ոչ միայն զինվորականներն ու զորավարներն են մեր ընդհանուր հպարտությունը, այլև բազմաթիվ պետական, գիտական և մշակութային գործիչներ: Ո՞վ չգիտե նկարիչ Այվազովսկուն, կոմպոզիտորներ Խաչատուրյանին, Բաբաջանյանին, աստզագետ-ֆիզիկոս Համբարձումյանին, ավիակոնստրուկտոր Միկոյանին կամ գիտնական Հովհաննիսյանին, ում անունով վերջերս Մենդելեևի աղյուսակում տարր անվանակոչեցին, և շատ այլոց:
Մեր ժողովուրդներին իրար հետ կապող բազմաթիվ ամուր թելերը կազմում են այն կուռ հիմքը, որի վրա կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ հարաբերությունները:
Այսօր հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական գործընկերությունը հանդիսանում է համագործակցության օրինակելի մոդել` հետխորհրդային տարածքում ամենահաջողվածներից և ամենաարդյունավետներից մեկը:
Մեր երկրների միջև գոյություն ունի հարուստ իրավապայմանագրային դաշտ` Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր, դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, ստորագրվել է ավելի քան 200 պայամանագիր և համաձայնագիր:
Մեր հարաբերությունների ծավալն ու խորությունն ինքնին խոսուն է:
Ամենաբարձր մակարդակով պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն:
Վերջին 10 տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարների միջև կայացել է մոտ 100 հանդիպում: Այս ցուցանիշը տպավորիչ է, թեև բնական է դաշնակից երկրների համար:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև իրականացվում է արդյունավետ համակարգում, կառուցողական փոխգործակցություն է ծավալվում ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Առկա է սերտ փոխգործակցություն անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:
Ակտիվորեն համագործակցում են երկու երկրների կառավարությունները, խորհրդարանները և տարբեր գերատեսչությունները:
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերը, հայկական արտադրության արտահանման շուկան: Ռուսական ներդրումները գերազանցում են 3 մլրդ ԱՄՆ դոլարը, Հայաստանում գործում են 2000-ից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Հաջող համագործակցություն է ծավալվում էներգետիկ, այդ թվում՝ ատոմային ոլորտում, տրանսպորտի, հանքարդյունաբերության, ինովացիոն տեխնոլոգիաների և այլ բնագավառներում: Ստորագրված է Տնտեսական համագործակցության մինչև 2020թ. երկարաժամակետ ծրագիրը, ինչը վկայում է մեր տնտեսական հարարաբերությունների հեռանկարային, բացառիկ բնույթի մասին: Տնտեսական համագործակցության համար հավելյալ հնարավորություններ բացեց նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալը:
Զարգանում են ամուր գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի 70 սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև, կանոնավոր կերպով անցկացվում են միջտարածաշրջանային ֆորումներ, ստորագրվել է ապակենտրոնացված համագործակցության հեռանկարային ծրագիր 2016-2021 թվականների համար: Մենք արժանի ուշադրություն ենք դարձնում համագործակցությանը հումանիար ոլորտում, այդ թվում` այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են մշակույթը, գիտությունը, առողջապահությունը, զբոսաշրջությունը:
Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում կրթական կապերին: Հայաստանում գործում է Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ, գործում են նաև ռուսաստանյան այլ բուհերի մասնաճյուղեր, Սլավոնական համալսարանը, որտեղ կրթություն են ստանում ավելի քան 4 հազար ուսանող: Ռուսաստանյան բուհերում կրթություն են ստանում ավելի քան 5,5 հազար Հայաստանի քաղաքացիներ:
Ռուսաստանյան հեռուստաալիքները հասանելի են Հայաստանի բոլոր բնակավայրերում: Հրատարակվում են թերթեր ռուսերեն լեզվով, զանգվածային լրատվական միջոցների մեծ մասը իրենց կայքերում ունեն ռուսերեն տարբերակներ: Սա կարևոր է մեր ժողովուրդների միջև հոգևոր, մշակութային սերտ հարաբերություններն ամրապնդելու համար, իսկ մենք շարունակում ենք մեծ ուշադրություն հատկացնել այս ոլորտին:
Մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ահռելի ներդրում ունի հայկական հոծ համայնքը Ռուսաստանում: Ռուսիայում հայերի ներկայության մասին հիշատակումները թվագրվում են XI դարով, իսկ Հայ առաքելական եկեղեցու Ռուսական և Նորնախիջևանյան թեմերը հիմնադրվել են ուղիղ 300 տարի առաջ:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսատանի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ 1994 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվեց զինադադարի մասին անժամկետ համաձայնագիրը: Սա կողմերին հնարավորություն տվեց անցում կատարելու հակամարտության քաղաքական կարգավորման փուլ: Չնայած համաձայնագրի իրականացումը խափանելու ադրբեջանական կողմի շարունակական ջանքերին, այդ թվում` անցյալ տարվա ապրիլին նախաձեռնված լայնամասշտաբ ռազմական գործողություններին` Հայաստանը Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ միասին շարունակում է ջանքեր գործադրել` ուղղված իրավիճակի կայունացմանը, բանակցային գործընթացն առաջ մղելու համար պայմաններ ստեղծելուն` հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով:
Ս.թ. մարտին ՀՀ Նախագահի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքների հիման վրա ընդունված համատեղ հայտարարության մեջ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը, արձանագրելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանակությունը, երկուստեք մտադրություն արտահայտեցին առավել զարգացնել դաշնակցային հարաբերությունները, ինչը համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի առանցքային շահերին և ձգտումներին: