Սա ինձ համար ՀՀԿ-ի հաջողությունից ավելի կարևոր էր. Շարմազանով
«Այս ընտրությունները, բնականաբար, համահունչ էր ժողովրդական չափանիշներին: Ընտրական նոր մեխանիզմները բոլոր քաղաքական ուժերին, հանրությանը հնարավորություն տվեցին իրականացնել ժողովրդավարական գոծընթաց, և այդ իմաստով որևէ քաղաքական ուժի մոտ լուրջ ահազանգ, անհանգստություն, լուրջ կասկած՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ, չկա: Դրա վառ արտահայտությունը նաև ընդդիմադիր ուժերի հայտարարություններն են, որոնք ընդունում են ընտրությունների արդյունքերը, ընդունում են, որ իրենց ձայները չեն կեղծվել. սա շատ լուրջ առաջընթաց է: Ուզում եք անունը թռիչք դրեք կամ քայլ առաջ, երկու քայլ առաջ… Ինչպես էլ կոչվի սա, ամեն դեպքում, կարող եմ ասել՝ սա լուրջ քայլ առաջ էր», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով՝ իհարկե, ընտրությունների ընթացքում եղել են նաև թերություններ, բայց իշխանությունը տվյալ թերությունների վրա աչք չի փակելու:
«Մենք հետևողականորեն գնալու ենք ՀՀ-ում ժողովրդավարությունը զարգացնելու ճանապարհով: Մենք միասին ցույց տվեցինք, որ քաղաքական կամք ունենալու պարագայում կարող ենք կազմակերպել ընտրություններ, որի սկզբունքները նույնիսկ մեր քաղաքական օպոնենտների մոտ կասկած չեն հարուցում: Սա ինձ համար ՀՀԿ-ի հաջողությունից ավելի կարևոր էր», – շեշտեց Շարմազանովը:
Քանի որ ՀՀԿ-ն ստացել է ձայների մեծամասնությունը, բնականաբար, պետք է աշխատի գնալ բարեփոխումների ճանապարհով: Մեր հարցին ՀՀԿ-ն շարունակելո՞ւ է ինքնամաքրումներ անել իր ներսում ու ազատվել, մեղմ ասած, հանրության կողմից չսիրված անձանցից, արմազանովը պատասխանեց.
«ՀՀԿ-ն մեծ ընտանիք է, որտեղ հավաքաված են տարբեր գործիչներ: ՀՀԿ-ն ունի մեկ ձեռագիր՝ բարեփոխումների ձեռագիրը: Մենք օգտվելու ենք այն մարդկանց մտավոր կարողություններից, որոնք կարող են ավելի արդյունավետ իրականացնել բարեփոխումներ՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Այո՛, հանրությունն ունի լուրջ դժգոհություններ, բայց երկրի բարելավումը մարդիկ է՛լի կապում են ՀՀԿ-ի հետ. ՀՀ քաղաքացիները հավատացին, որ ՀՀԿ-ն կարող է գնալ բարեփոխումների: Հասարակությունը հավատաց ՀՀԿ-ի անկեղծությանը և հավատաց, որ ՀՀԿ-ն այլևս չի կրկնելու անցյալի թերությունները: Հասարակությունը հավատաց ՀՀԿ-ի քաղաքական փորձին, գաղափարախոսությանը ու քաղաքական անցյալին. մենք մեր հանրության հետ միասին՝ դիմակայելու ենք բոլոր մարտահրավերներին», – եզրափակեց Շարմազանովը: