26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը

Ապրիլի 3-ին արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ 25 տարիները դարձան երկկողմ միջպետական կապերի հետևողական զարգացման ժամանակաշրջան՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք ընկած են Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիմքում:

Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային ռազմավարական հարաբերությունները հենվում են ամուր իրավապայմանագրային դաշտի վրա, առանձնանում են ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, բազմակողմ միջազգային, տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխգործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ: Հայաստանի արտգործնախարարը նշում է, որ ակտիվ կապեր կան երկու պետությունների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջև: Ընդլայնվում է առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, նորարարության, հանքարդյունաբերության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը, իրականացվում են կարևոր ներդրումային ծրագրեր, տարեց տարի թափ են հավաքում միջտարածաշրջանային կապերը, հետևողականորեն զարգանում է փոխգործակցությունը հումանիտար և այլ ոլորտներում:

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Իր ուղերձում Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի հետ բարեկամության հարաբերությունների ամրապնդման գործում ընդգծում է Ռուսաստանի հայ համայնքի նշանակալի ներդրումը:

Նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնում, որ հետագայում ևս բոլոր մակարդակներով համատեղ ջանքերը ուղղված կլինեն երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետևողական զարգացմանը:

Սերգեյ Լավրովն իր ուղերձում ընդգծում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր պետությունների միջև բազմաշերտ կապերը անշեղորեն զարգացել են բարեկամության և փոխըմբռնման պատմական ավանդույթների հիման վրա, և համատեղ ջանքերով դրանք բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության մակարդակի: Ստեղծված է ամուր իրավապայմանագրային դաշտ, իրականացվում են հսկայածավալ ներդրումային ծրագրեր, ընդլայնվում են հումանիտար կապերը: Ռուսաստանը և Հայաստանը հանդիսանում են եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակիցներ, զգալի ներդրում են ունենում ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում:

Նախարար Լավրովը գոհունակությամբ փաստում է միջազգային օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ Մոսկվայի և Երևանի դիրքորոշումների համընկնումը կամ մոտ լինելը, ինչը, ըստ Սերգեյ Լավրովի, հստակ արտացոլեցին նախարար Նալբանդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած վերջին պաշտոնական այցի արդյունքները:

Ռուսաստանի արտգործնախարարը շեշտում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված է պարբերական խորհրդատվությունների մեխանիզմ, պահպանվում է ակտիվ երկխոսություն, որը թույլ է տալիս, ոչ միայն համադրել դիրքորոշումները, այլ նաև արդյունավետ համատեղել մեր ջանքերը գլոբալ և տարածաշրջանային հարթակների, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՍԾՏՀԿ շրջանակներում:

Նախարար Լավրովը նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում համատեղ գրանցած հաջողությունները ռուս-հայկական հարաբերությունների ներուժի հետագա բացահայտման գրավականն են՝ ապահովելու մեր երկրների ժողովուրդների առանցքային շահերը, պահպանելու Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ