Վարչապետի հանձնարարականը նախարարներին
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ երեկ հրապարակված Համաշխարհային մրցունակության զեկույցին, որտեղ Հայաստանը երեք կետով բարելավել է իր դիրքերը:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ համաշխարհային մրցունակության զեկույցը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների մրցունակությանը չափը:
՛՛ Երեք ցուցանիշներ պատկանում են մրցակցության ոլորտին: Առաջին ցուցանիշը տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշն է, որի գծով մեր առաջընթացը կազմել է 28 կետ: Անցած տարի այդ ցուցանիշի գծով մեծ առաջընթաց էինք արձանագրել, իսկ որոշ մարդիկ քննադատում էին՝ ասելով, որ աճի տեմպը մեծ է, բայց զբաղեցրած դիրքով ցածր ենք: Այս ցուցանիշի գծով զբաղեցրած դիրքով ԱՊՀ երկրների շարքում առաջատարն ենք՛՛,-նշեց Շաբոյանը:
Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշով առաջընթացը կազմել է 19 կետ: Ցուցանիշի գծով ևս ԱՊՀ երկրների շարքում առաջատար ենք, Վրաստանից առաջ ենք 41 կետով, Ադրբեջանից 30 կետով, Ուկրինայից 40 Կետով:
Վարչապետը թվարկեց այս զեկույցում իր խոսքով` հինգ ուշագրավ առավելություններն ու թերությունները: ՛՛Առաջին մեր առավելությունը նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակն է, որով զբաղեցնում ենք աշխարհում 10-րդ տեղը: Աշխատանքի ընդունվելու ու աշխատանքից ազատվելու գործելակերպով 12-րդ տեղը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ 24-րդ տեղը, ներդրումների պաշտպանվածության ուժգնությունը՝ 25-րդ տեղը և պետական կառավարման բեռը` 34-րդ տեղը՛՛:
Հինգ ուշագրավ թերություններն են՝ կառավարման դպրոցների որակը՝ 120-րդ տեղ, երկրում տաղանդների պահպանման ունակությունը 121-րդ տեղ, մաքսային գործընթացների բեռը՝ 123-րդ տեղ, արտաքին շուկայի չափի համաթիվը՝ 127-րդ տեղ, համախառն ներքին արդյունքի մեջ արտահանման մասնաբաժինը ՝ 139-րդ տեղ:
՛՛Սա մեզ հուշում է, թե մենք ինչ անելիքներ ունենք: Այս հաշվետվության մեջ մանրակրկիտ ներկայացված են գերատեսչություններին վերաբերող խնդիրները՝ կրթական, առողջապահական, որտեղ մենք մեր դիրքերը վատացրել ենք: Պետք է մանրամասն քննարկենք ,թե ինչ քայլեր պետք է անենք, որպեսզի այստեղ կարողանանք վերականգնել մեր դիրքերը՛՛,-շեշտեց Տիգրան Սարգսյանը` հանձնարարելով նախարարներին ներկայացնել առաջարկություններ , թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել` միջավայրը բարելավելու: