Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ հասցեատեր է ընտրել. Օսկանյանը արձագանքեց
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը, այսօր՝ մարտի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե իրեն Մադրիդյան սկզբունքների հայրը համարո՞ւմ է, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է , որ խորթ հայրն է:
«Ես ինձ համարում եմ Մադրիդյան սկզբունքների փաստաթղթի առաջին պարբերության հայրը, որովհետեւ այդ փաստաթղթի միակ նորությունը հենց այդ առաջին պարբերությունն էր: Իմ բանակցած փաստաթղթի առաջին պարբերությունում գրված է՝ ԼՂ ժողովուրդը ռեֆերենդումի միջոցով իր տարածքում իր բնակչությամբ կորոշի իր կարգավիճակը եւ այդ հանրաքվեի արդյունքը կարող է լինել ցանկացած ելք: Դա այն ժառանգությունն է, որ ես եմ թողել, ես դրա հայրն եմ, դրանից չեմ հրաժարվում»:
Օսկանյանը նկատեց, որ Տեր-Պետրոսյանը հասցեատիրոջը սխալ է ընտրել. «Այնտեղ մի հասցեատեր կա, դա իշխանություններն են: Քառօրյա պատերազմից մեկ տարի է անցել, Տեր-Պետրոսյանը հանդիպել է գործող նախագահի հետ, նրանք արդեն պայմանավորվել են եւ այդ օրվանից Տեր-Պետրոսյանն իր անմնացորդ, անվերապահ աջակցությունն է հայտնել իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Ղարաբաղի հարցում: Թող անեին, մի տարի կար, ի՞նչն է խնդիրը, մե՞նք ենք խանգարել: Կարո՞ղ ա մենք ենք որոշում, Տեր-Պետրոսյանն ասում է՝ ես հավանում եմ նրանց քաղաքականությունը, ես էլ աջակցում եմ: Մի տարի կար, թող անեին, թող տային, թող լուծեին, էլի: Ես Տեր-Պետրոսյանի հռետորիկան ուղղակի չեմ հասկանում: Տեր-Պետրոսյանն ումի՞ց է բողոքում: Մի հասցեատեր կա, դա իշխանություններն են, որից պետք է բողոքեր»,-ընդգծեց Վարդան Օսկանյանը: