25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահը կարեւորել է դիտորդական առաքելությունների հավասարակշռված, անկողմնակալ մոտեցման ցուցաբերումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել և բարձր է գնահատել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների դերը Հայաստանի ընտրական գործընթացում, այդ թվում՝ ընտրական համակարգի շարունակական բարելավման և զարգացման գործում, ինչպես նաև անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ ապրիլի 2-ին նախատեսված ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկմանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայանում են համատեղ ուժեղ թիմով, որը ղեկավարում և համակարգում է իր սկզբունքային դիրքորոշումներով հայտնի, փորձառու և հմուտ քաղաքական գործիչ՝ պարոն Իգնասիո Սանչես Ամորը:

Ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու ճանապարհին, Նախագահը նշել է, որ երկրի իշխանությունները հենց այս տեսանկյունից են կարևորում ընտրողների վստահության բարձրացումն ու ամրապնդումը ընտրական գործընթացի նկատմամբ: Այդ նպատակով լայն քաղաքական և հասարակական քննարկումների ու կոնսենսուսի արդյունքում ընդունվեցին ու նոր ընտրական օրենսգրքում ամրագրվեցին ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմները սահմանող դրույթներ: Նախագահի համոզմամբ, իրականացված մեծածավալ աշխատանքը թույլ է տալիս պնդելու, որ առկա են բոլոր նախադրյալները՝ քաղաքական կամք, օրենսդրական կարգավորումներ, տեխնիկական հնարավորություններ՝ Հայաստանում լավ ընտրություններ անցկացնելու համար, և իշխանություններն իրենց իրավասության շրջանակում անելու են ամեն հնարավորը՝ դա իրականություն դարձնելու:

Նշելով, որ ընտրությունները, բնականաբար, ենթադրում են մրցակցություն, և ինչպես ցանկացած մրցակցային պայքարում, ընտրություններում ևս մրցանակային տեղ գրավելու համար մասնակիցներից շատերը երբեմն կարող են տրվել տարբեր՝ այդ թվում անընդունելի մեթոդների գայթակղությանը, Նախագահը այս համատեքստում չափազանց կարևոր է համարել, որպեսզի բոլոր դիտորդական առաքելությունները ցուցաբերեն հավասարակշռված, անկողմնակալ մոտեցում և իրենց գնահատականը ձևավորեն սեփական դիտարկումների ու հավաստի տեղեկությունների հիման վրա: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են ցուցաբերել համակողմանի օժանդակել բոլոր դիտորդական առաքելություններին՝ իրականացնելու իրենց մասնագիտական աշխատանքը, այդ թվում նաև ընտրությունների օրը և դրանից հետո:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը վստահեցրել է, որ մասնագիտական որևէ շեղում իրենց աշխատանքում չի լինելու, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որպես ընտրական գործընթացի դիտարկման գործում Եվրոպայի ամենափորձառու կազմակերպությունը, որը մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում է և իրականացրել է իրավիճակի գնահատման ուղղությամբ փորձագիտական մեծ աշխատանք՝ շարունակելու է նույն բարձր մասնագիտական որակով ու բարեխղճությամբ իրականացնել իր առաքելությունը:

Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ընտրությունների դիտարկման գործընթացում ներգրավել է մեծ թվով՝ շուրջ 30 հազար տեղական հասարակական կազմակերպությունների, որոնց կազմում ընդգրկված են բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ: Նա միաժամանակ կարևորել է, որ բոլոր առաքելությունները պատասխանատու կերպով մոտենան իրենց աշխատանքին՝ ցուցաբերելով բարձր մասնագիտական մոտեցում:

Հանդիպմանը Իգնասիո Սանչես Ամորը նաև ողջունել և քաջալերել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ