“Համաշխարհային մրցունակության զեկույց 2013-2014”. Հայաստանը բարելավել է դիրքերը
՛՛Տնտեսություն և արժեքներ՛՛ հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներ Մանուկ Հերգնյանը և Սևակ Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ներկայացրին “Համաշխարհային մրցունակության զեկույց 2013-2014”-ի արդյունքները:
Կազմակերպության նախագահ Հերգնյանը նշեց, որ զեկույցի առաջին տասնյակը բավական կայուն է, ու հիմնականում քիչ փոփոխությունների է ենթարկվում:
Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը, նրան հաջորդում են Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան և ԱՄՆ-ը: ԱՊՀ տարածաշրջանի երկրների խմբում զգալի փոփոխություններ չեն արձանագրվել: Ամենամեծ հետընթացը գրանցվել է Ուկրաինայում /11 կետով վատթարացում/, իսկ ամենազգալի առաջընթացը Ադրբեջանում /7 կետով/, Ռուսաստանը 64-րդ հորիզոնականում է, իսկ Վրաստանը՝ 72-րդում:
Հայաստանը աղյուսակի 79–րդ հորիզոնականում է 148 երկրների շարքում, նախորդ տարվա համեմատ սա բարելավում է 3 կետով: Հայաստանի պարագայում էական առաջընթաց է գրանցվել տեխնոլոգիական պատրաստվածության, մակրոտնտեսական միջավայրի կայունության և ապրանքային շուկաների արդյունավետության հենասյուներով: Իսկ աշխատուժի շուկայի արդյունավետության հենասյունը բացասական տեղաշարժեր է գրանցել բոլոր ենթացուցիչներով: Վատթարացել է բարձրագույն կրթության և վերապատրաստման հենասյունը: Վերջին հորիզոնականներում են նաև գործարարության կատարելագործումը և նորարությունը:
Երկրում տաղանդներ պահելու ունակությամբ ևս Հայաստանը վատ դիրքերում է` 121-րդն ենք:
Հերգնյանը շեշտեց, որ տարածաշրջանում մրցունակության վազքում հաղթելու համար մենք պետք է ավելի մեծ արագություն ունենանք, այստեղ կա ժամանակի սղության ընկալման դեֆիցիտ: Հայաստանը նաև պիտի ավելի ագրեսիվ քաղաքականություն վարի օտարերկրյա ներդրումների համար: