24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Արցախի արտադրական ձեռնարկությունների հնարավորություններին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունը ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանի եւ ԼՂՀ-ի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մի քանի արտադրական ձեռնարկություններ:

Վարչապետը նախ եղել է Կարմիր շուկայի ձեթի արտադրության գործարանում` ծանոթացել տեղական հումքով ձեթի արտադրության ընթացքին ու առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, իսկ հումքը` արեւածաղիկը, ստացվում է գործարանին պատկանող 220 հեկտար ցանքատարածքներից:

Վարչապետն այցելել է նաեւ արեւածաղկի դաշտեր` ներկա գտնվել արեւածաղկի հավաքման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ գործարանն առաջիկայում պատրաստվում է ավելացնել բարձրորակ ձեթի արտադրական ծավալներն` արտահանում իրականացնելու  նպատակով:

Վարչապետ Սարգսյանը ողջունել է գործարանի ստեղծման նախաձեռնությունը եւ ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել վերջինիս զարգացման աշխատանքներին:

Այնուհետեւ ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Տող գյուղի գինու գործարան: Տեղեկացվել է, որ գործարանը գինու արտադրությունն իրականացնում է իրեն պատկանող խաղողի այգիներից ստացվող հումքով: Տարեկան արտադրական ծավալը կազմում է 20 հազար շիշ: Գործարանն առայժմ արտադրում է երկու անուն գինի, սակայն առաջիկայում ծրագրում է ավելացնել դրանց տեսականին: Գործարանի արտադրանքի մի մասն արտահանվում է նաեւ Հայաստան:

  Այնուհետեւ ՀՀ կառավարության ղեկավարը եւ ԼՂՀ վարչապետը հանդիպել են Արցախի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին, քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:

 Վարչապետ Սարգսյանը եղել է նաեւ Ստեփանակերտի նախկին մետաքսի գործարանի տարածքում հիմնված գորգարծությամբ զբաղվող ընկերությունում: Այն ունի մոտ 50 աշխատող` միջինը 75 հազար դրամ աշխատավարձով: Արտադրության հումքը ստեղծվում է ընկերությանը կից բացված թելի մանարանում: 

Ամփոփելով ԼՂՀ կատարած այցը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն արդյունավետ է գնահատել եւ նշել, որ ՀՀ կառավարական պատվիրակությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալ ԼՂՀ-ի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: “Ծանոթացանք թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում իրականացվող նախագծերին: Առաջիկայում ենթադրվում են բազմաթիվ մասնավոր ներդրումներ, այդ թվում համագործակցություն ՀՀ ներդրողների հետ: Օրինակ, թեթեւ արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունը, որտեղ մենք այցելեցինք, նախատեսում է նոր հաստոցների շահագործում, նոր աշխատատեղերի ստեղծում, ինչը շատ կարեւոր է:

Կարեւոր է նաեւ գյուղատնտեսական զարգացման ծրագրերը, այդ թվում ձեթի արտադրությունը, որն ապահովում է բավականին մեծ ծավալի հումք, ինչն էլ իր հերթին խթանելու է, որպեսզի նոր ներդրումներ արվեն այդ բնագավառում` արտադրական հզորություններն ավելացնելու համար: Դրանով հնարավոր կլինի ապահովել ոչ միայն ԼՂՀ-ի բարձրորակ ձեթի պահանջարկը, այլեւ ՀՀ-ի: Դա կազդի նաեւ ձեթի ներմուծման ծավալների կրճատմանը եւ մենք կունենանք սեփական բավականին որակական հատկանիշներ ունեցող ձեթի տեսակներ”,- ասել է վարչապետը:
     Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԼՂՀ-ում բազմաթիվ քաղաքաշինական ծրագրեր են դարձել իրականություն, լուրջ աշխատանքներ են տարվում նաեւ զբոսաշրջության բնագավառում:  “ԼՂՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս զբոսաշրջային ոլորտին: Տեսանք, որ բազմաթիվ օբյեկտներ են հանձնվում շահագործման, ինչը մոտ տարիներին կխթանի ոչ միայն Հայաստանից, այլեւ արտասահմանից զբոսաշրջիկների ներգրավմանը:

Ծանոթացանք նաեւ զինվորի առoրյային, թե ինչպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում բանակում: Այն, ինչ մենք տեսանք, ակնհայտորեն վկայում են մեր   լրջագույն առավելությունները պաշտպանական բնագավառում”,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը ԼՂՀ ավարտվել է: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ