Սամվել Ալեքսանյանի կանանց

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև “Փակ շուկա” պատմաճարտարապետական հուշարձան համարվող կառույցի շուրջ, վերջին շրջանում առաջացած աննախադեպ աղմուկի մասին:
Իրավապաշտպանը այն կապեց գործող իշխանության վարած քաղաքականության հետ.”Դա նշանակում է, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, երկրորդը դա նշանակում է, որ քրեաօլիգարխիկ առանձին խմբեր են թե շերտ են՝ գործում են: Փակ շուկայի հետ կապ ունի ոչ թե առանձին անձը, այլ սա անիշխանության կամ իշխանության անզորության մասին է խոսում”,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Իրավապաշտպանի դիտարկմամբ այսօր բազմաթիվ պատմամշակութային կառույցներ են քանդվում, սակայն անգամ քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն կարողանում ամեն տեղ լինել.”Քաղաքացիական հասարակությունը ազատ է և ինքը ընդհամենը ընտրում է ամենահնչեղը, ամենահասանելին, ամենասինթետիկը”,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:
Նրա կարծիքով Երևանի կենտրոնում տեղի ունեցածը հնարավոր չէ չդատապարտել:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը սակայն գտնում է, որ պատմաճարտարապետական կառույցը չի տուժի վերանորոգման արդյունքում, ընդհակառակը պահպանելով իր նշանակությունը կդառնա առևտրի կետ, որը 700 մարդու կապահովվի աշխատանքով:Նրա կարծիքով ճարտարապետների մի խումբ արդեն եկել է եզրակացության որ ամեն ինչ իր հունով է ընթանում:
Լարիսա Ալավերդյանը դատապարտում է նաև Փակ շուկա տարածքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի օգտին ակցիա իրականացրած կանանց վարքագիծը.”Կոչ եմ անում այդ կանանց պահել բոլորիս մեջ մտած հայ կնոջ պատկերը և այլևս այդպիսի պատվերներ չընդունել”,-հավելեց Լարիսա Ալավերդյանը: