Պռոշյանցիները արդարադատություն են պահանջում /ֆոտո, վիդեո/
Մինչ Հայաստանի ոստիկանության բարձաստիճան ղեկավարության հանդիպումից վերադառնային բանակցողները, ոստիկանության շենքի առաջ բողոքավոր պռոշյանցիներն ու դաշնակցականները հայրենասիրական երգեր էին հնչեցնում: Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են արդար դատաքննություն, որպեսզի պարզվի, թե ով է սպանել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին:
Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ ակցիայի 4 մասնակիցներին կընդունեն եւ կլսեն իրենց պահանջը: Ոստիկանություն գնացին պռոշյանցի Վովա Սահակյանը, Հրաչ Մուրադյանի եղբայրը, եղբորորդին եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Մոտ կես ժամից հետո դուրս գալով ոստիկանության շենքից` Վովա Սահակյանը ասաց, որ նրանք հանդիպել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանին: “Մեզ հավաստիացրեցին, որ գործի հետ կապված նոր նյութեր կան եւ իրենց պարբերաբար մանրամասները տեղյակ են պահելու: Կատարվում է բաց քննություն, ամենօրյա ծանր աշախատանք է կատարվում` հանցագործությունը բացահայտելու համար: Մենք էլ մեր հերթին ասել ենք, որ պահանջատեր ենք լինելու եւ օրենքի սահմաններում շարունակելու են իրենց ակցիաներն իրականացնել”,-ասաց Սահակյանը:
ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ նրանց նաեւ հավաստիացրին, որ ճնշումներ չկան, ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է Հայաստանի նախագահին:
50-ամյա Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին` Պռոշյանի գյուղապետարանի շենքի մոտ: ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի, 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով կալանավորվել է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը:
Վովա Սահակյանը հայտարարեց, որ պահանջում են գտնել իսկական մեղավորներին: “Արդյոք կալանավորվածը մեղավոր չէ”,-Henaran.am-ը հարցրեց Աղվան Վարդանյանին: “Կալանավորվածին որոշակի հիմքերով են կալանավորել, աշխատանքներ տարվում ենք, մենք դատավոր չենք: Մենք պահանջում ենք արդարադատություն”,-ասաց Վարդանյանը:
Մանրամասները տեսանյութում: