Օմբուդսմենն առաջարկում է հետաձգել սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձերի վճարումը
ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
”2013-2014թթ. ուսման վարձավճարների կտրուկ բարձրացումը մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության մեջ: Մշտապես մտահոգված լինելով բարձրագույն կրթության մատչելիության խնդրով՝ մտավախություն ունենք, որ նման թանկացումները երկրում գոյություն ունեցող ոչ բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններում կարող են հանգեցնել մի խումբ անձանց` բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակմանը:
ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև մի շարք միջազգային պայմանագրեր ամրագրում են յուրաքանչյուր անձի բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաև բարձրագույն կրթության մատչելիության ապահովումը պետության կողմից:
Չնայած, որ Կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները կարող են ստանալ ուսման վճարի զեղչ, այս արտոնությունը գործում է միայն երկրորդ կիսամյակից, մինչդեռ առաջին կուրսի ուսանողը ստիպված է լինում վճարել առաջին կիսամյակի վարձը ուսումնական տարվա սկզբում:
Օմբուդսմենը բազմիցս առաջարկել է ապահովել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցում պետության կողմից՝ հետաձգելով այդ ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը մինչև համապատասխան ուսումնական տարվա կեսը կամ ավարտը:
Սոցիալապես անապահով ընտանիքների անդամների` որպես ուսանող հրամանագրումը, չպետք է կախվածության մեջ դրվի ուսման վարձի վճարման հանգամանքից: Հետևաբար, վարձի վճարման հետաձգումը անհրաժեշտ է բարձրագույն կրթությունը բոլոր անձանց համար մատչելի դարձնելու համար”: