06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ուսանողներին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈւՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարը նրանց մաղթեց բարի երթ և բեղմնավոր ուսումնական տարի:

Իր խոսքում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Անդրադառնալով ԵՊՀ-ում նախորդ տարի ունեցած հանդիպումից ի վեր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումներին, նախարար Նալբանդյանը առանձնացրեց անցյալ տարվա դեկտեմբերին Դուբլինում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, որը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նախորդ հինգ տարիներին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունները:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ ս.թ. հունիսին Էնիսկիլենում կայացած Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ինչպես և այդ մակարդակով արված նախորդ չորս հայտարարությունները, Հայաստանը բարձր է գնահատել և կարևորել այդ փաստաթղթերում ամրագրված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և դրույթների հիման վրա բանակցային գործընթացի շարունակումը՝ հիմնախնդրի հանգուցալուծմանը հասնելու համար:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանառաջնահերթությունները, Հայաստանի կողմից նախաձեռնված միջոցառումները, կազմակերպության դերակատարության բարձրացմանն ուղղված քայլերը:

Արտգործնախարարը անդրադարձավ նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը:

Ուսանողներին հետաքրքրող հարցերի թվում էր սիրիական ճգնաժամը և Հայաստանի մոտեցումը հնարավոր զարգացումների վերաբերյալ: Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են տարբեր մակարդակներով և ուղղություններով աշխատանքներ տանել, որոնց առաջնային նպատակը  սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովումն է և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը: 

Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսեց  հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի և Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, հարևան երկրների հետ համագործակցության մասին, անդրադարձավ այլ երկրների հետ Հայաստանի ընդլայնվող կապերին:

Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց նաև, որ  այս տարվա առաջին կեսին կայացել են այցելություններ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր մշտական անդամ երկրների մայրաքաղաքներ և հանդիպումներ այդ պետությունների արտգործնախարարների հետ, որոնց ընթացքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ