Հայցեցին երկնավորից /վիդեո, ֆոտո/
Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ տեղի ունեցավ Գիտության կարգ անվանվող պատարագը՝ նվիրված Գիտելիքի օրվան:
Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, պատարագին ներկա էին ԿԳՆ Արմեն Աշոտյանը, ռեկտորներ, ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ: Գիտելիքի օրվա հետ կապված լրագրողների հետ զրույցում և Գարեգին Բ-ը, և Արմեն Աշոտյանը կրթության գործում կարևորեցին եկեղեցու դերը՝ նշելով, որ բոլոր դարերում եկեղեցին իր նշանակությունն է ունեցել կրթության զարգացման գործում:
“Մենք այս առիթով մեր մաղթանքն ենք բերում, հայցելով երկնավորից որ պտղաբեր դարձնի ջանքերը մեր մանկավարժների, կրթության մշակների և արգասավորի նրանց աշխատանքը Աստվածահաճո բազում արդյունքներով, գեղեցիկ արգասիքներով: Տերը թող օրհնի կրթության նոր տարեշրջանը, կրթության գործի մշակներին և մեր զավակներին”,-լրագրողների հետ զրույցում մասնավորեցրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
“Անկախ պետականության պարագայում կրթության և գիտության նախարարությունը՝ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու պատմական գործի շարունակողն է, որովհետև դարեր շարունակ ազգը ունենալով պետականություն իր կրթության օջախն է ստեղծել, գտել և կրթության հույսը ստացել է եկեղեցու հովանավորությամբ”,-նշել է Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը այսօրվա արարողակարգը համարել է կարևոր ոչ միայն խորհրդանշական, այլև բովանդակային առումով:
Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում: