Այ տնաշեն էս ի՞նչ վիճակ ա, բա մենք ի՞նչի ենք գնացել բանտերով. Նիկոլին չքաշեք
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Հաղարծին գյուղում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ բացի իրենք դաշինքից ընտրություններին մասնակից մյուս բոլոր քաղաքական ուժերը պատասխանատու են այսօրվա իրավիճակի համար ու համահեղինակ են: «Մեր պարագայում Արամ Սարգսյանի համար են ասում, որ վարչապետ է եղել, բայց նա տեռորիստական, ճգնաժամային իրավիճակում եկել է, 6 ամիս վարչապետ է աշխատել, և իր ամենամեծ առաքելությունն այն է եղել, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ չլինի:
Ինքն այդ խնդիրը լուծել է: Ընդ որում, այդ խորհրդարանական մեծամասնությունը, որ պիտի իր կողքին կանգներ, որ փոփոխություններ տեղի ունենային, մեկը պագոն ստացավ, մեկը փող ստացավ, մեկը բիզնես ստացավ»,-ասաց նա:
Վերջինս շեշտեց, որ եթե ընրակաշառք են վերցնում, ապա առաջիկա 5 տարիների ընթացքում այլևս ոչինչ չեն կարող ակնկալել:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, մարդիկ վախենում են գալ հավաքների, բայց թե ինչի, զարմանում է: «Էս ժողովրդի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել, ի՞նչից եք վախենում»,-ասաց նա ու պատմեց, որ օրերս նամակ է ստացել Քաջարանի մի բնակչից, ով ասում է, որ «Ելք»-ի ներկայացուցիչ Արամ Սարգսյանին քարոզարշավի ժամանակ չի բարևել, որովհետև վախեցել է, և արդեն 3 օր է, չի կարողանում քնել այդ պատճառով:
«Այ տնաշեն էս ի՞նչ վիճակ ա, բա մենք ի՞նչի ենք գնացել բանտերով, ընդհատակով ամեն ինչ անցել, ենթադրենք` 2 տարի էլ բանտ ենք նստել, ի՞նչ անենք»: Նա հորդորեց բոլոր ներկաներին փոխանցել մյուսներին հետևյալը.
«Նիկոլն ասում էր, որ ձեզ վրա հույս է դնում, ինձ չքաշեք»: