Էրդողանի կոշտ արձագանքը Մերկելին
Թուրք-գերմանական հարաբերությունները շարունակվում են լարված մնալ: Ինչպես իրազեկում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հասցեին:
«Դու Թուրքիայի Հանրապետության նախագահի ու նախարարների առաջ դուռ ես փակում: Ասում ես, որ Հոլանդիայի կողքին ես կանգնած: Դե որ այդպես է, ես էլ իրավունքի և իմ ժողովրդի կողքին եմ»,- նշել է Էրդողանը` նախագահական նստավայրում ելույթ ունենալով «Անատոլիայի հրատարակիչների միության» անդամների առջև:
Խոսելով Թուրքիայում ձերբակալված «Die Welt» պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի մասին՝ Էրդողանը վերջինիս որակել է որպես «գործակալ ահաբեկիչ»:
«Մենք այստեղ ունենք լրագրող, ով տարբեր երկրների քաղաքացիություն ունի: Եվ դուք ցանկանում եք, որ նրան ազատ արձակենք: Երբ ես ձեզնից պահանջեցի արտահանձնել 4500 ՔԲԿ-ականի (Քուրդիստանի բանվորական կուսակցության PKK-խմբ), տվեցի՞ք: Դե ուրեմն Յուջելի վերաբերյալ որոշումը կակայացնի դատարանը: Քանի որ մեզ մոտ դատարանը անկախ է և մենք չենք էլ կարող միջամտել»,-հավելել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ստամբուլում բերման ենթարկված գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի ներկայացուցիչ Իլքեր Դենիզ Յուջելը կալանավորվել էր: Նրան կալանավորել էին «Ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
Ըստ թուրքական աղբյուրների պնդման` լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից մեկի`Ջեմիլ Բայըքի հետ Յուջելը ռեպորտաժ էր պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը: