Հայտարարություն` վարորդի դանակահարության վերաբերյալ
Այսօր մամուլում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ ուղեվարձի պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն ք. Երեւանի “Այրարատ” կինոթատրոնի հարեւանությամբ 23 74 Տ թիվ 67 երթուղին սպասարկող վարորդի եւ ուղեւորի միջեւ, որ ավարտվել է ուղեւորի կողմից դանակահարությամբ՝ վարորդին հասցնելով ոչ խիստ մարմնական վնասվածք թեւի հատվածում/ ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի արձագանքել/:
“Վճարում ենք 100 դրամ” շարժման մասնակիցները դատապարտում են որեւէ տեսակի բռնություն, վիրավորանք կամ այլ անօրինական քայլ, որն ուղղված կլինի այլ քաղաքացիների, ոստիկանների կամ որեւէ այլ մարդու դեմ: Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանությունը արագ բացահայտի եւ պատասխանատվության ենթարկի բոլոր մեղավոր կողմերին: Միաժամանակ անթույլատրելի կհամարենք, եթե ոստիկանությունն օգտագործի սույն միջադեպը տրանսպորտային կանգառներում իրենց խաղաղ բողոքի իրավունքն իրացնող քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու համար:
Մենք` ՀՀ քաղաքացիներս, Երեւանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները եւ, առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով, բոլոր մասնակիցներին կրկին անգամ հիշեցնում ենք, որ տրանսպորտի թանկացման դեմ մեր պայքարը կրում է խաղաղ բնույթ եւ ընթանում է իրավունքի գերակայության շրջանականերում, ուստի կոչ ենք անում բոլորին գործել միմիայն իրավունքի ու քաղաքացիականության սահմաններում՝ հարգելով միմյանց իրավունքները եւ ազատությունները:
“Վճարում ենք 100 դրամ”