“Հայաստանի դիրքորոշումն արժանի է ամենայն հարգանքի եւ գնահատականի”. Մհդ. Իսսամ Նայալ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ Սիրիայի եւ Հայաստանի ժողովուրդներին կապում են բազմադարյա քաղաքակրթական ընդհանրությունները: Ըստ Արմեն Աշոտյանի` Սիրիան մեր երկրի կարեւորագույն գործընկերներից է` կրթական համագործակցության առումով, մասնավորապես, արաբերեն լեզվի եւ մշակույթի ուսումնասիրության բնագավառում: Այդ համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ մինչեւ հայտնի ճգնաժամային իրավիճակը, 40 հայ երիտասարդներ սովորում էին Սիրիայի բուհերում` միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ բուհերը եւս գրավիչ են ինչպես սիրիահայերի, այնպես էլ արաբ ուսանողների համար: Ներկայումս էլ միջպետական համաձայնագրի շրջանակում Հայաստանում իրենց կրթությունը շարունակում են Սիրիայի բազմաթիվ քաղաքացիներ: Ա. Աշոտյանը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ կառավարությունն արտոնել է սիրիական ծրագրով “Կիլիկյան” վարժարանի գործունեությունը, ինչպես նաեւ արտոնություններ սահմանել սիրիահայ ուսանողների համար: Նախարարը նաեւ հույս է հայտնել, որ ճգնաժամից հետո հնարավոր կլինի շարունակել կրթական համագործակցությունը, մասնավորապես, կնքել դիպլոմների փոխճանաչման մասին համաձայնագիր: “Հայաստանի բուհերում կրթության որակը վերջին տարիների զգալի փոփխությունների է ենթարկվել, եւ գրեթե բացառվել են նախկինում երբեմն ծագող խնդիրները, այդ թվում նաեւ` օտարերկրյա ուսանողների կրթության որակի հետ կապված”,-նշել է Ա. Աշոտյանը:
Մհդ. Իսսամ Նայալին իր հերթին նշել է, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում` շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը` Սիրիայի քաղաքացիներին տրված արտոնությունների համար: “Այդ աշակերտները եւ ուսանողները Սիրիայի քաղաքացիներ են, եւ մենք հպարտանում ենք նրանցով: Ապագա սերունդներն են կերտում ազգի եւ պետության ապագան: Սիրիայի հայերն ապացուցեցին իրենց հավատարմությունը Սիրիայի պետությանը ճգնաժամային այս պայմաններում, եւ ես հուսով եմ, որ նրանք սպասում են իրենց վերադարձին Սիրիա: Հայաստանի դիրքորոշումն արժանի է ամենայն հարգանքի եւ գնահատականի: Հպարտ ենք հարուստ մշակույթ եւ ավանդույթներ ունեցող հայ ժողովրդի բարեկամությամբ: Հայաստանը Սիրիայի հավատարիմ ընկերն է, եւ հուսով եմ, որ մեր երկիրը կհաղթահարի ճգնաժամն իր ժողովրդի, բանակի եւ իր բարեկամ երկրների շնորհիվ”,-նշել է Մհդ. Իսսամ Նայալին` միաժամանակ հավաստիացնելով, որ տեղյակ է վերջին տարիներին արձանագրված Հայաստանի կրթության որակի բարձր մակարդակից:
Ի պատասխան` Արմեն Աշոտյանը նշել է, որ միմիայն Սիրիայի ժողովուրդն է իր ապագայի կերտողը: Նախարարը խաղաղություն, համբերություն եւ ուժ է մաղթել Սիրիայի ժողովրդին` հաղթահարելու առկա դժվարությունները: Ա. Աշոտյանը հույս է հայտնել, որ Սիրիայում կվերահաստատվի խաղաղություն եւ իր ողջ ծավալով կվերականգնվեն ամբողջ գիտակրթական կապերը, այդ թվում` կվերագործարկվի Հալեպի համալսարանի հայագիտական կենտրոնը:
Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է նոր ուսումնական տարում միասին այցելել “Կիլիկյան” վարժարան, ինչպես նաեւ հանդիպում ունենալ սիրիացի ուսանողների հետ: