Քաղաքապետը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/001_1374675768.jpg)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավարի հետ:
Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի ու Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավար Դանիել Պատայի հանդիպման ժամանակ:
Ողջունելով դեսպանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարեւորել է Երեւանի եւ ֆրանսիական մի շարք քաղաքների միջեւ ձեւավորված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները եւ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ բաց եւ պատրաստ է քննարկել ու կյանքի կոչել բոլոր այն համատեղ ծրագրերը, որոնք կամրապնդեն երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում:
Կողմերն առանձնակի կարեւորել են նաեւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրի իրականացումը:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ այսօր կան բոլոր նախադրյալները Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու եւ քաղաքային տնտեսության նոր ոլորտներ ընդգրկելու համար:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն