Ամառային հանգիստը՝ Ծաղկաձորի եւ Հանքավանի ճամբարներում

Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան շուրջ 850 երեխա հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 8-ը Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ կառավարության աջակցությամբ իրենց հանգիստն են անցկացնում Ծաղկաձորի եւ Հանքավանի ճամբարներում: Երեխաների ճամբարային առօրյան հագեցած է մարզամշակութային միջոցառումներով եւ ճանաչողական ու հայրենասիրական դաս-խաղերով:
Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության եւ սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաեւ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ նախապես անհատական աշխատանք է տարվել ծնողների հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու եւ, ըստ այդմ, նրանց առօրյան առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար: Վարչական շրջաններն իրենց հերթին, ըստ անհրաժեշտության, հոգացել են նաեւ ճամբարականներին մարզական հագուստներով եւ անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու հարցը:
Իսկ երեւանաբնակ եւս 25 երեխա Երեւանի քաղաքապետարանի եւ “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ի համագործակցությամբ հունիսի 10-ից 25-ն իրենց ամառային հանգիստն են անցկացրել “Գուգարք” ճամբարում։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն